Հասարակության մոտ կարող են օբյեկտիվորեն ծագել կասկածներ, որ հոկտեմբերի 27-ի գործով կարեւոր վկան սեփական մահով չի մահացել, նրան այդ հարցում օգնել են՝ NEWS.am-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Արտակ Զեյնալյանը՝ անդրադառնալով երկու օր առաջ հանկարծամահ եղած հոկտեմբերի 27-ի գործով դատապարտյալ Համլետ Ստեփանյանի մահվանը։

Զեյնալյանը նաեւ ասել է՝ որպեսզի հասարակության մոտ փարատվեն նման բոլոր կասկածները, պետք է համապատասխան մարմինները դատաբժշկական փորձաքննության համար անկախ՝ այլ երկրի փորձագետների հրավիրեն։ Նրանք կանցկացնեն խորացված փորձաքննություն, եւ ստացված արդյունքները կփարատեն բոլոր տեսակի կասկածները։ Անձամբ իր՝ Զեյնալյանի մոտ եւս կասկածներ կան, որ Համլետ Ստեփանյանի մահը պատահական չէ։ «Նման կարեւոր վկան դժվար թե իր կամքով մահանար»,- նկատեց Զեյնալյանը։

Նշենք, որ Համլետ Ստեփանյանը «Հոկտեմբերի 27-ի» գործով երրորդ դատապարտյալն է, ով մահացել է։ 2000 թվականի օգոստոսի 29-ին դեռ գործի նախաքննության փուլում, «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մեկուսարանում մահացավ նույն գործով ամբաստանվող Նորայր Եղիազարյանը: Ըստ դատաբժշկական փորձաքննության` Եղիազարյանը մահացել էր հոսանքահարումից։ Ըստ որոշ տեղեկությունների, նա բռնության էր ենթարկվել՝ նրա գլխին եղել էին հարվածի հետքեր: Հիշեցնենք, որ Եղիազարյանը Նաիրի Հունանյանի հանցախմբին զենք վաճառած անձն էր։

2004 թվականի ապրիլի 16-ին իր խցում կախվել էր Նաիրի Հունանյանի քեռին՝ ցմահ դատապարտված Վռամ Գալստյանը։ Նա, հիշեցնենք, մինչ մահը հայտարարություններ էր անում ահաբեկչության հետ կապված։ Ըստ տեղեկությունների՝ մահից առաջ նա խնդրել էր իրեն տեղափոխել առանձին խուց, քանի որ անհաշտ էր իր խցակիցների հետ։ Մեկուսարանի ղեկավարությունը բավարարել էր դատապարտյալի խնդրանքը, իսկ հաջորդ օրը նրան հայտնաբերել էին խցում կապված։

Ինչ վերաբերում է մայիսի 15-ին մահացած Համլետ Ստեփանյանին, ապա նա անմիջականորեն չէր մասնակցել ԱԺ նիստերի դահլիճում տեղի ունեցած իրադարձություններին, այլ սպասել էր դրսում: