Այսօր` մայիսի 13-ին ԵԽԽՎ նախագահ Մեվլութ Չավուշօղլուն բացատրություններ է տվել իր Ծիծեռնակաբերդ չայցելելու որոշման վերաբերյալ:
«Վեհաժողովի կանոնակարգում չկա որևէ դրույթ, որը պարտադրի նախագահի այցելություն այս կամ այն վայր։ Եվ երբ ես նայում եմ նախորդ նախագահների այցելությունների պաշտոնական արարողակարգին, նրանք իրենց պաշտոնական այցելությունների սահմաններում նույնպես չեն այցելել այդ վայրը։ Սա իմ` որպես ԵԽԽՎ նախագահի անձնական որոշումն էր, ես հարգում եմ Ձեր կարծիքները, բայց բոլորը նաեւ պետք է հարգեն իմ որոշումը»,- այս կապակցությամբ ասել է նա, պատասխանելով այն հարցին, թե ինչու ինքը, ի տարբերություն ԵԽԽՎ նախկին երկու նախագահների, չի այցելել Ծիծեռնակաբերդ։
Իսկ երբ լրագրողները հիշեցրել են, որ 1999 թվականին ԵԽԽՎ նախագահ Ռասել Ջոնսթոնը, ինչպես նաեւ 2005 թվականին ԵԽԽՎ նախագահ վան Դե Լինդենը այցելել են ցեղասպանության հուշահամալիր եւ թանգարան, ԵԽԽՎ նախագահը պատասխանել է. «Դուք ինձ ասացիք, որ Ռասել Ջոնսթոնն այցելել է, բայց մյուս գործընկերներիս այցելությունների մասին ես տեղեկություններ չունեմ։ Ամեն դեպքում, որեւէ կանոն կամ դրույթ չկա կանոնակարգում, որը պարտավորեցնում է այդպիսի այցելությունները։ Ես ընդունել եմ իմ անձնական որոշումը և, ինձ թվում է՝ այն հարգանքի արժանի է»:
Հարցին, թե ինչ տպավորություն ունի Հայաստանից, Չավուշօղլուն արձագանքել է, որ առաջին անգամ է Հայաստանում, սակայն ինքը ունի լավ ընկերներ ի դեմս ԵԽԽՎ-ում Հայաստանի ներկայացուցչի, ինչպես նաեւ ԵԽԽՎ Հայաստանի պատվիրակության նախագահի` Դավիթ Հարությունյանի:
Հիշեցնենք, որ Դավիթ Հարությունյանը եւ իշխանությունը ներկայացնող մեր մյուս պատվիրակները դեմ չեն քվեարկել Մեվլութ Չավուշօղլուի ԵԽԽՎ նախագահ դառնալու որոշմանը:
«Իմ գալուց ի վեր ես այստեղ ձեռք բերեցի էլ ավելի լավ ընկերներ: Ի վերջո, ես այստեղ եկել եմ գործով, աշխատանքային, բայց անձնապես նույնպես վայելում եմ իմ այստեղ գտնվելը: Հայաստանի ժողովուրդը իմ հանդեպ շատ բարեկամական է տրամադրված: Ներառյալ մամուլը»,- հայտարարել է նա:




























