Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Մեւլյութ Չավուշօղլուն հայտարարել է, թե ԵԽԽՎ-ում ԼՂ հարցով ենթահանձնաժողով ստեղծելու նախաձեռնությունն իրենը չէ, եւ այդ հարցը օրակարգում եղել է իրենից առաջ: Այդ մասին ԵԽԽՎ նախագահը հայտարարել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ մայիսի 13-ին կայացած հանդիպմանը:

ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ Չավուշօղլուն ասել է նաեւ, որ եթե անգամ այդ ենթահանձնաժողովը ստեղծվի, այն չի կարող կրկնօրինակել ԵԱՀԿ Մինսկի խմբի դերը, նման մանդատ չունի:

ՀՀ Ազգային ժողովի նախագահը, վերահաստատելով, որ ԼՂ խնդիրը պետք է լուծվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, նշել է, որ ցանկացած այլ միջնորդություն կխանգարի գործընթացին: Հովիկ Աբրահամյանի խոսքերով` Հայաստանի համար շատ կարեւոր են Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի եւ ԼՂ ժողովրդի անվտանգության հարցերը: Նշելով, որ Հայաստանը ցանկանում է հարեւանների հետ ապրել խաղաղ պայմաններում եւ բոլոր խնդիրները լուծել խաղաղ ճանապարհով` ՀՀ Ազգային ժողովի նախագահը ասաց, որ Հայաստանի ու Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունները պետք է հաստատվեն եւ սահմանները բացվեն առանց նախապայմանների:

Մեւլութ Չավուշօղլուն ասաց, որ առկա է հարաբերությունները կարգավորելու քաղաքական կամք, բայց պետք է ընդունել նաեւ դժվարությունների գոյությունը: Նա համոզմունք հայտնեց, որ երկու կողմերն էլ ցանկանում են հաղթահարել այդ դժվարությունները, ինին ի պատասխան ԱԺ նախագահն ասել է, թե չնայած գործընթացն այն այժմ կասեցված է, Հայաստանը պատրաստ է անդրադառնալ գործընթացին, եթե նկատվեն այդ ուղղությամբ գործուն քայլեր Թուրքիայի կողմից, եւ այնտեղ արձանագրությունները վավերացվեն: