Հայ Ազգայնականների Համախմբման Խորհուրդը հայտարարություն է տարածել Հայաստանում օտարալեզու դպրոցների բացման` ՀՀ կրթության եւ գիտության նախարարության նախաձեռնության վերաբերյալ, նշելով, որ դա նպատակ ունի երկրում ոչնչացնել հայկական կրթությունը:

«Հայ ազգայնականների համախմբումը համոզված է, որ ՀՀ հանրակրթության համակարգը պարզապես պարտավոր է ՀՀ-ում բնակվող հայ նոր սերնդին տալու բացառապես հայեցի կրթություն, որն անհնար է առանց հայերենի: Հայոց լեզվի հայրենիքի` հայկական գերիշխանության տակ գտնվող եւ ՀՀ կոչվող այս տարածքում հայ երեխաներին օտարալեզու կրթություն տալու մասին մտածելն անգամ ազգային դավաճանություն է: Իսկ դավաճանների վերջը բոլորիս է հայտնի:

Հայոց հայրենիքը, հայ ազգն ու հայկական մշակույթը եռամիասնություն են, մեկնումեկը չի կարող գոյություն ունենալ առանց մյուս երկուսի, իսկ հայ մշակույթի հիմքերի հիմքը հայոց լեզուն է: Որեւէ ոտնձգություն նշված սրբությունների նկատմամբ արժանացել է, արժանանում է ու պիտի արժանանա մեր` ազգայնականներիս վճռական հակահարվածին:

Պարզից էլ պարզ է, որ Աշոտյանի այս նախաձեռնությունը դրսից թելադրված հակաազգային հերթական ծրագրի իրականացման փորձ է: Դա կլինի ռուսական, ամերիկյան, ֆրանսիական, թուրքական, թե…

ՀՀ-ում հանրակրթությունը եղել է ու պիտի լինի միայն հայերեն եւ` վերջ: Այս տարրական ճշմարտություն-պահանջը չհասկացող եւ դա չապահովող հայազգի արարածները, լինեն նախարար, թե ավելի վերադաս կամ ստորադաս պաշտոնյա, ունեն մեկ ընտրանք` հրաժարվել իրենց պաշտոններից, այլապես` մենք հենված մեր ազգի առողջ տարրերի ու հավերժական ոգու վրա, պատմության աղբանոցը կուղարկենք նրանց էլ, նրանց առաջ քաշած դավադրական ծրագրերն էլ», ասվում է հայտարարության մեջ: