Այսօր, հոկտեմբերի 15-ին, ահաբեկչությունների մի շարք է տեղի ունեցել Պակիստանի երկու քաղաքներում՝ Կոհատում եւ Լահորում։ Հարձակման արդյունքում սպանվածների եւ վիրավորների ընդհանուր թիվը կարող է անցնել 40-ից, հայտնում է ИТАР-ТАСС-ը։

Լահոր քաղաքում, գրոհողները ներխուժել են ֆեդերալ հետաքննչական գործակալության տեղական շտաբի շենք, որը զբաղվում է նաեւ ահաբեկչության դեմ պայքարով։ Գրոհողներից մեկը կրում էր պայթուցիկ նյութով շահիդի գոտի։ Տեղական կառավարության տվյալներով, ինչպես հայտնում է «Ինտերֆաքսը»՝ շենքի ներսում կես ժամվա ընթացքում կատաղի կրակոցներ են տեղի ունեցել։ Արդյունքում սպանվել է 7 մարդ, որից 4-ը ոստիկաններ էին, իսկ մեկը՝ պատահական անցորդ։

Լահորում ոստիկանական երկու մարզային կենտրոնների վրա հարձակման արդյունքում զոհվել է 5 մարդ։

Երկրի հարավ-արեւմուտքում, Պակիստանի Կոհատ քաղաքում, ոստիկանական բաժանմունքի մոտակայքում՝ ահաբեկիչը ականապատ ավտոմեքենա է պայթեցրել, որից մահացել է 10 մարդ, իսկ 20-ը՝ վնասվել են։ Շենքի փլատակներում եւս կարող են գտնվել մարդիկ։

«Թշնամին մեր դեմ պարտիզանական պատերազմ է սկսել»,- ահաբեկչությունների վերաբերյալ տեղական հեռուստաընկերությամբ հայտարարել է Պակիստանի ՆԳ նախարար Ռեհման Մալիքը, բայց, նրա խոսքով, դա չի կանգնեցնի կառավարական ուժերի գործողությունները՝ ընդդեմ ահաբեկիչների։