Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը մայիսի 13-ին ընդունել է ՄԱԿ-ի պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության գլխավոր տնօրեն Ժակ Դյուֆի գլխավորած պատվիրակությանը:

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Արթուր Բաղդասարյանը ողջունելի է համարել այն, որ ՄԱԿ-ի պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպությունը մի շարք ծրագրեր է իրականացնում Հայաստանում եւ տարածաշրջանում, եւ կարեւորել է այս կազմակերպության հետ Հայաստանի երկարատեւ համագործակցությունը:

«Մենք ապացուցել ենք մեր նվիրվածությունն այս կազմակերպության հետ երկարաժամկետ համագործակցությանը: Մեր նպատակն է` բարձրացնել պարենային ինքնաբավության մակարդակը Հայաստանում: Ձեւավորված միջգերատեսչական հանձնախումբը մշակելու է պարենային անվտանգության հայեցակարգը»,- ասել է Արթուր Բաղդասարյանը:

Ժակ Դյուֆը ներկայացրել է կազմակերպության կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը: Նա շեշտել է, որ կազմակերպության ուշադրության կենտրոնում են հետեւյալ ոլորտները` ֆերմերների համար գյուղատնտեսական արդիականացված միջոցների մատչելիության ապահովում, գյուղական ենթակառուցվածքների զարգացում, մարքեթինգային շուկայավարման արդյունավետ համակարգի ներդրում, որ կապահովի ֆերմերների եկամտի աճը:

Ժակ Դյուֆը ողջունելի է համարել, որ Հայաստանի Ազգային անվտանգության խորհուրդը լրջորեն զբաղվում է պարենային անվտանգության խնդիրներով: