Հայոց ցեղասպանության եւ Մեծ հայրենազրկման հուշահամալիր չայցելելու` ԵԽԽՎ նախագահ Մեւլութ Չաուշօղլուի որոշումը «Ժառանգություն» կուսակցությունը եւ խորհրդարանական խմբակցությունը գնահատում են որպես եվրոպական հեղինակավոր կառույցի ղեկավարին ոչ վայել պահվածք, ինչի վերաբերյալ խմբակցության պատգամավորները կհայտնեն նաեւ անձամբ նրան` վերջինիս հետ այսօր կայանալիք հանդիպման ժամանակ:
«Անթույլատրելի ենք համարում, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչած Եվրամիության ուղղակի ընտրվող օրենսդիր մարմնի` Եվրախորհրդարանի 1987, 2000, 2002 եւ 2005 թթ. որոշումների ոգուն դեմ է գործում ԵԽԽՎ-ի մերօրյա ղեկավարը` առաջնորդվելով ազգայնամոլին բնորոշ քմահաճությամբ: Դա մարտահրավեր է նաեւ համամարդկային նորմերին, եվրոպական արժեքային ուղենիշներին ու եվրոպական ընտանիքին ինտեգրվել հավակնող Թուրքիայի նկրտումներին:
Նման վարվելակերպով պարոն Չավուշօղլուն բացահայտ խոստովանում է, որ ինքն իրեն նույնացնում է ոչ թե եվրոպական ժողովուրդների բազմազգ ընտանիքի` ժողովրդավարական գործընթացներին եւ մարդու իրավունքներին հետամուտ ազդեցիկ կառույցի ղեկավարի, այլ թուրք մի պաշտոնյայի հետ, ով, այս պահին զբաղեցնելով ԵԽԽՎ ղեկավարի պաշտոնը, ձգտում է ի շահ Թուրքիայի ղեկավարների եւ կրտսեր եղբայր Ադրբեջանի` ըստ ամենայնի օգտագործել կառույցի լծակները: Ցեղասպանված ու հայրենազրկված հայ ժողովրդի ողբերգությունը մերժելու բարդույթից դրդված` պաշտոնական այցը աշխատանքայինով սքողած եւ Ծիծեռնակաբերդ այցելելուց հրաժարված Մեւլութ Չավուշօղլուին „Ժառանգությունը“ դիտարկում է իբրեւ Թուրքիայի այն քաղաքական գործիչներից մեկը, ով իր հայտարարություններով եւ քաղաքական գործելակերպով ներկայանում է որպես քեմալա-բոլշեւիկյան դավադիր գործարքի ժամանակակից հետեւորդ:
Այսքանից հետո ակնհայտ է, թե ինչ նպատակներ է հետապնդում պարոն Չավուշօղլուն ԵԽԽՎ-ում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարցով ենթակոմիտեի նորովի կազմավորման ուղղությամբ ձեռնարկած անթաքույց քայլերով»,- ասված է «Ժառանգության» հայտարարության մեջ:




























