ՀՀ կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը կարծում է, որ այսօր «տնտեսական քաղաքականություն» տերմինն իմաստազրկվել է, քանի որ տնտեսական կյանքում չկա մի այնպիսի ոլորտ, որ քաղաքականացված չլինի: Այս մասին նա ասել է «Սարդարապատ» շարժման տնտեսական իրավիճակի վերաբերյալ կազմակերպած քննարկման ժամանակ:
Նրա խոսքով, Ռոբերտ Քոչարյանն իր պաշտոնավարման տարիներին վերացրեց թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական դաշտերը, որի արդյունքում չի գործում ոչ մի տնտեսական կանոն, իսկ քաղաքականության մեջ էլ իշխանությունը դառնում է ժառանգական, ինչը ողբերգություն է:
Բագրատ Ասատրյանի ներկայացմամբ, 1997 թվականին Հայաստանը տնտեսական պոտենցիալով հավասար էր Ադրբեջանին, իսկ այսօր Ադրբեջանին զիջում ենք 5 անգամ, իսկ Թուրքիայի համեմատ՝ նրա տնտեսության 0.7 տոկոսն ենք կազմում: ԿԲ նախկին ղեկավարի խոսքով, այս իրավիճակից դուրս գալու ելքը լեգիտիմ իշխանություն ձեւավորելն է:
ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն էլ, անդրադառնալով պետություն-բիզնես հարաբերություններին, ընդգծել է, որ ձեռներցությունը պետք է անջատվի պետությունից ու պետական կառավարումից: Նա նկատել է, որ հասարակությունը հանդուրժում է կրիմինալ համակարգը եւ գնալով հեռանում իդեալական պետության կառուցման հնարավորությունից: Բագրատյանի խոսքով, ՀՀ տնտեսության համար կարեւոր է կապիտալի կենտրոնացման դեմ պայքարը:
Նշելով, որ տնտեսական գործունությունը նույնպես մշակույթ է, նա ասել է. «Բիզնեսմենը նկարիչ է, սակայն նայեք մեր բիզնեսմենների նկարածներին, որևէ մեկին դա դո՞ւր է գալիս»:



























