Պաշտոնական Բաքուն բացասական է գնահատում ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում Երեւանի որդեգրած դիրքորոշումը: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը՝ Չեխիայի արտգործնախարար Յան Կոխուտի հետ համատեղ ասուլիսին, հաղորդում է ադրբեջանական 1news.az գործակալությունը:

«Արդեն ներկայացվել է փաստաթուղթը, որը պատրաստվել է համանախագահող երեք երկրների կողմից: 2 տարվա ընթացքում գործնականում ամեն ամիս համանախագահները ժամանել են տարածաշրջան, կայացել է նախագահների 9 հանդիպում եւ այդ փաստաթուղթն օդից չի ընկել»,- ասել է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:

Մամեդյարովը հերթական անգամ ընդգծել է, որ Ադրբեջանն ընդունում է մադրիդյան նորացված սկզբունքները եւ համարում դրանք ընդունելի:

«Մենք պատրաստ ենք այդ փաստաթղթի հիման վրա անցնել լայն խաղաղ համաձայնագրի մշակմանը: Ցավոք, առ այսօր հայկական կողմը հստակ չի բարձրաձայնել նորացված սկզբունքների շուրջ իր դիրքորոշումը: Այդ կապակցությամբ գործընթացը ձգձգվում է, եւ հասկանալի չէ, թե որ ուղղությամբ են քայլեր արվում: Ուստի ես բացասական եմ գնահատում այդ ամենը»,- ասել է նա:

Նախարարը հույս է հայտնել, որ Վենետիկում համանախագահները Ադրբեջանին տեղեկություններ կհաղորդեն Հայաստանի դիրքորոշման վերաբերյալ: