Թբիլիսիի «Մարրիոթ Կորտյարտ» հյուրանոցում պաշտոնապես նշվել է Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի (European Armenian Federation for Democracy and Justice) Վրաստանում ներկայացուցչության գրասենյակի բացումը:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ՀՅԴ մամլո դիվանից, ընդունելությանը ներկա են եղել ներկայացուցիչներ Վրաստանի ինտեգրման նախարարությունից, ԱՄՆ դեսպանությունից, Վրաստանի Հայոց թեմի առաջնորդարանից, հայկական ու այլ տարբեր հասարակական կազմակերպություններից: Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի Վրաստանի մասնաճյուղի նորաստեղծ գրասենյակի տնօրենի պարտականությունները ստանձնել է Գեւորգ Հարությունյանը: Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի ատենապետ Հիլդա Չոբոյանը կարեւորում է մարդու իրավունքների, ազգային փոքրամասնությունների խնդիրների լուծման ուղղությամբ աշխատանքները նաեւ դեպի Եվրոպա ձգտող Վրաստանում:
«Վրաստանը մաս է կազմում Եվրամիության „Եվրոպական հարեւանության քաղաքականության“ եւ „Արեւելյան գործընկերության“ ծրագրերին, այդ առումով մեզ նման կազմակերպությունների համար հնարավորություններ են ստեղծվում, որպեսզի կարողանանք օգնել այս պետությանը` լուծելու բազմաթիվ խնդիրներ, ինչպես նաեւ համապատասխանելու եվրոպական չափանիշներին»,- ասել է Հիլդա Չոբոյանը:
Առաջիկա անելիքներից Վրաստանի Հայ Դատի գրասենյակի տնօրենը կարեւորել է վիրահայերի իրավիճակի եւ խնդիրների ուսումնասիրությունը, որին արդեն կհետեւեն խնդիրների լուծման մեխանիզմները: Այս համատեքստում գործունեության թիրախում նախ Ջավախքն է: «Մենք ուսումնասիրելու ենք Ջավախքի հայության վիճակը եւ ուսումնասիրելու ենք վրացական պետական ծրագրերը, թե ինչ են անելու Ջավախքի տարածքում: բայց Ջավախքով չենք սահմանափակվելու, կտեսնենք կացությունը, ինչից հետո արդեն կխոսենք լուրջ կետերից ու կողմնորոշումներից», ասել է Գեւորգ Հարությունյանը:
Գրասենյակի բացմանը ներկա են եղել եւ ողջունել են Վրաստանի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները:



























