Ինչպես հետպատերազմյան ծանր տարիներին, այնպես էլ այսօր Արցախում կան խնդիրներ, որոնք ունեն համազգային նշանակություն եւ որոնք հնարավոր է լուծել միայն համայն հայության ջանքերով: Այդ մասին հայտարարել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը՝ մայիսի 14-ին Երեւան քաղաքում կայացած «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստում:

Բակո Սահակյանը բարձր է գնահատել «Հայաստան» հիմնադրամի կատարած աշխատանքները, իսկ ԼՂՀ-ում առկա խնդիրների մեջ մատնանշել առաջնահերթ նշանակություն ունեցող հանրապետության ջրամատակարարման համակարգի վերականգնումը, որը գրեթե ամբողջովին ավերվել էր ռազմական գործողությունների հետեւանքով:

«Միասին մենք կարողացանք իրականացնել ջրամատակարարման բարելավմանն ուղղված մի շարք համալիր ծրագրեր: „Հայաստան“ համահայկական հիմնադրամի գործուն մասնակցության շնորհիվ տասնյակ բնակավայրեր լրիվությամբ ապահովվեցին խմելու եւ ոռոգման ջրով, վերականգնվեցին համակարգի առանձին օբյեկտներ մայրաքաղաք Ստեփանակերտում եւ շրջկենտրոններում:

Սակայն անելիքները դեռ շատ են: Արցախի 323 գյուղերից ավելի քան 200-ում չափազանց սուր է դրված եւ հրատապ լուծման կարիք ունի խմելու ջրի հարցը»,- ասել է նախագահն ու նկատել, որ լուրջ խնդիրներ կան Ստեփանակերտ քաղաքում եւ շրջկենտրոններում, որտեղ բնակվում է հանրապետության բնակչության կեսից ավելին: «Այս ծրագիրը բավականին ծախսատար է: Միայն մայրաքաղաքում ջրամատակարարման նոր օբյեկտների շինարարության եւ գործողների վերականգնման համար պահանջվում է 6,5 միլիարդ դրամ:

Ակնհայտ է, որ Արցախի ջրամատակարարման հարցը կարող ենք լուծել միայն մեր ընդհանուր ջանքերով»,- ասել է նա՝ առաջարկելով «Հեռուստամարաթոն 2010»-ի շրջանակներում նախատեսել նաեւ Արցախի համար կենսական նշանակություն ունեցող ջրամատակարարման խնդրի ընդգրկումը, ինչը հնարավորություն կտա 2011 թվականին համապատասխան ծրագրեր իրականացնել հանրապետության ջրամատակարարման համակարգի բարելավման ուղղությամբ: