Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Կովկասյան ճակատում զավթողական քաղաքականություն իրականացնող թուրքական ուժերի հրամանատար Կարաբեքիր փաշայի դուստրը Կարսում կրկին հայերի նկատմամբ անհանդուրժողականության կոչեր է արել:

Թուրքական IHA գործակալության փոխանցմամբ` Կարսի ազգայնականների հանդիպման ժամանակ Կարաբեքիրի դուստրը` Թիմսալ Կարաբեքիրը, հայտարարել է, որ թուրքերին գլխավոր թշնամի են համարում հայերը, ապա ավելացրել, որ իրեն շատ է տխրեցրել Կարսում տեղադրված հայերի հետ բարեկամությունը խորհրդանշող արձանը: «Ես հույս ունեմ, որ մյուս այցիս ընթացքում Կարսում այդ արձանը արդեն ոչնչացրած կլինեն»,- նշել է Կարաբեքիրի դուստրը:

Նշենք, որ Կարսի նախկին քաղաքապետը պատվիրել էր արձան քանդակել, որը կխորհրդանշի հայ եւ թուրք ժողովուրդների բարեկամությունը: Հիշյալ արձանը նախատեսվել էր տեղադրել հայ-թուրքական սահմանին: Սակայն քաղաքապետի փոփոխությունից հետո այդ ծրագիրը անկատար մնաց, իսկ անավարտ արձանը տեղադրված է Կարս քաղաքի մի հատվածում: Ըստ տեղեկությունների` հայ-թուրքական բարեկամությունը խորհրդանշող հսկա արձանը ապամոնտաժվելու է: