Մայիսի 18-ին Գարեգին Երկրորդ կաթողիկոսն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Չեխիայի վարչապետ Յան Ֆիշերին:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, բարիգալստյան մաղթանքից հետո Գարեգին Բ-ն Չեխիայի վարչապետին ներկայացրել է Հայ Եկեղեցու անցած բազմադարյա ուղին եւ ներկայիս առաքելությունը:

«Պատմական հանգամանքների բերումով մեր Եկեղեցին իր կառույցներն ունի աշխարհի գրեթե բոլոր երկրներում: Այնտեղ ուր առկա է հայկական ներկայություն, առկա է նաեւ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին: Չեխիայում եւս ձեւավորվում է հայ համայնք եւ վստահ ենք, որ առաջիկային Չեխիո մեր զավակները եւս հնարավորություն կունենան կառուցելու իրենց հավատքի եւ աղոթքի տունը` էլ ավելի եռանդով ու ջանադրությամբ իրենց մասնակցությունը բերելով Ձեր երկրի շինությանը եւ բարգավաճմանը», նշել է կաթողիկոսը:

Երախտագիտություն հայտնելով ջերմ ընդունելության համար` վարչապետ Յան Ֆիշերը անդրադարձել է Հայաստան իր այցի մանրամասներին: Վարչապետը բարձր է գնահատել Չեխիայի հայ համայնքի դերը երկրի զարգացման գործում: Յան Ֆիշերն առանձնակի կարեւորել է քրիստոնեական արժեքների ու սկզբունքների առկայությունը Եվրոպայում: