«Մենք ապրում ենք 2008 թվականի նախագահական ընտրություններից հետո ստեղծված մի մթնոլորտում, որտեղ իշխանությունը բռնազավթված է, եւ որտեղ ի դեմս քաղբանտարկյալների՝ պետությունը բռնազավթածները շարունակում են հալածանքները»,-մայիսի 14-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նման հայտարարությամբ հանդես եկավ Ազգային ժողովի նախկին փոխխոսնակ, Հայ ազգայի կոնգրեսի անդամ Կարապետ Ռուբինյանը։

Որպես ասվածի ապացույց նա հիշեցրեց, որ մարտի 1-ի դեպքերից հետո իշխանություններն առանց հիմնավորման 2.5 ամիս անազատության մեջ պահել են նաեւ իրեն։ «Դրա համար, սակայն, մինչ օրս ոչ ոք ինձանից ներողություն չի խնդրել»,- նշեց նա՝ ավելացնելով, որ ամենաթողության մթնոլորտի վերացմանը կարող են նպաստել միայն արտահերթ համապետական ընտրությունները։

«Բացի տիրող քաղաքական իրավիճակից, արտահերթ խորհրդարանական եւ նախագահական ընտրությունների հիմք կարող է ծառայել նաեւ տնտեսական ծանր իրավիճակը, ժողովրդի՝ օրեցօր վատացող կենսամակարդակը»,- նկատեց Ռուբինյանը՝ անընդունելի համարելով, իշխանությունների՝ սեփական ժողովրդի հանդեպ պարբերաբար հաղթանականեր «տոնելը» տղամարդկութուն եւ թասիբ համարելու փաստը։ «Այդպես չի կարելի։ Ժողովուրդը յախա է թափ տալիս ձեզանից, մարդկանց 99 տոկոսը ձեզ թալանչիներ է համարում»,- շեշտեց ՀԱԿ անդամը՝ հավելելով, որ այն, ինչ անում են իշխանությունները, իրենց հիմք է տալիս ավելի ու ավելի համոզվել, որ ստեղծված իրավիճակից միակ ելքը արտահերթ համապետական ընտրություններն են։

Ասուլիսի մյուս բանախոս, Հանրապետական կուսակցության պատգամավոր Արտակ Զաքարյանն իր հերթին նշեց, որ ընդդիմությունն իր կոչերով չպետք է ժողովրդին տանի նոր մարտի 1-երի. «Արտահերթ ընտրությունների համար որեւէ հիմք այսօր գոյություն չունի»,- համոզմունք հայտնեց նա։

Հիշեցնենք, որ ՀԱԿ-ը արտահերթ համապետական ընտրություններ անցկացնելու ամենահավանական շրջան նշել էր այս տարվա հունիս-սեպտեմբեր ամիսները։