Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին 2-ն ընդունել է Լեհաստանի Սեյմի լեհ-հայկական պատգամավորական բարեկամական խմբի անդամներին՝ Լեհաստանի Սեյմի պատգամավոր, սենատոր Լուկաշ Աբգարովիչի գլխավորությամբ:

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից NEWS.am-ին հայտնում են, որ կաթողիկոսն իր ցավակցությունն է հայտնել ավիավթարի արդյունքում Լեհաստանի նախագահ Լեհ Կաչինսկու, նրա տիկնոջ եւ Լեհաստանի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների եւ եկեղեցականների մահվան կապակցությամբ` վստահեցնելով, որ լեհ ժողովուրդը կհաղթահարի այդ ցավը:

«Մեր երկու ժողովուրդների միջեւ կապերն ունեն դարերի պատմություն, ինչի ապացույցը Լեհաստանի հայ համայնքի գոյությունն է, եւ երախտագետ ենք, որ Ձեր երկրի իշխանություններն ամեն ջանք գործադրում են Լեհաստանում ապրող մեր զավակաց ազգային կյանքում դյուրություններ ապահովելու համար»,- ասել է կաթողիկոսը:

Սենատոր Աբգարովիչն իր հերթին նշել է, որ Լեհաստանում բարձր են գնահատում այն ջանքերն ու եռանդը, որ Լեհաստանի հայությունը ներդրել եւ ներդնում է երկրի բարգավաճման եւ լեհ մշակույթի զարգացման համար:

Լեհական պատվիրակությանն ուղեկցում էին` ՀՀ-ում Լեհաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Ժդիսլավ Ռաձինսկին եւ Լեհաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Աշոտ Գալոյանը: