Ռուս-թուրքական մերձեցումը քաղաքական ենթատեքստ չունի եւ հիմնված է զուտ տնտեսական շահերի վրա։ Նման միտք հայտնեց Հայաստանի ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը։
Նրա խոսքով, 2000 թվականից սկսած՝ Թուրքիայի տնտեսությունն սկսեց մեծ թափով զարգանալ՝ գրանցելով տարեկան 6-7 տոկոս աճ։ «Ներկայումս Թուրքիան վերածվել է խոշոր արտահանողի եւ լրացուցիչ էլեկտրաէներգիայի կարիք ունի, որի 70 տոկոսը գնում է Ռուսաստանից՝ հիմանականում գազի տեսքով»,- նշեց Սաֆրաստյանը։
Սաֆրաստյանը կարծում է, որ Ռուսաստանի հետ Թուրքիայի հարաբերությունների հիմքում երկու գործոններ են ընկած՝ էլեկտրաէներգիայի ստացում եւ տարածաշրջանային նկրտումներ։ «Իսկ Թուրքիայի հանդեպ Ռուսաստանի հետաքրքրությունը պայմանավորված է դեպի Եվրոպա իր էներգակիրների այլընտրանքային դուրսբերման հանգամանքով»,- համոզմունք հայտնեց Սաֆրաստյանը։
Նրա խոսքով, հարավկովկասյան տարածաշրջանը միշտ էլ մեծ հետաքրքրություն է ներկայացրել ինչպես Թուրքիայի, այնպես էլ Ռուսաստանի համար։ Վրաստանի միջոցով տարածաշրջանում իր ազդեցությունը մեծացնելու Թուրքիայի փորձերն անհաջողության մատնվեցին 2008 թվականի ռուս-վրացական պատերազմից հետո։
Նրա կարծիքով, Հայաստանի հետ հաշտեցման գործընթացից Թուրքիան ուզում է առավելագույն շահույթ ստանալ։




























