Մայիսին 14-ին Հայաստան կատարած այցի շրջանակում ԱՄՆ Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով փոխպետքարտուղարի տեղակալ Թինա Քեյդենաուն հանդիպել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, ՀՀ կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների, ինչպես նաեւ` քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանատնից, այցի ընթացքում Թ. Քեյդենաուն քննարկել է ԱՄՆ — Հայաստան երկկողմ հարաբերություններին, տարածաշրջանային խնդիրներին, տնտեսական իրավիճակին, ժողովրդավարությանն ու մարդու իրավունքներին վերաբերող հարցեր:

«Հայաստանը կարեւոր գործընկեր է հանդիսանում Միացյալ Նահանգների համար այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են միջուկային անվտանգությունն ու խաղաղապահ գործողությունները Կոսովոյում, Աֆղանստանում եւ Իրաքում», — նշել է փոխպետքարտուղարի տեղակալն ու հավելել. «Մենք ակնկալում ենք շարունակել գործակցությունը Հայաստանի հետ՝ տարածաշրջանում կայունության հաստատման, տնտեսական զարգացման խթանման, կառուցվածքային բարեփոխումների իրականացման եւ ժողովրդավարական գործընթացների խորացման ասպարեզներում»: