Հայ-թուրքական արձանագրությունները խայտառակ փաստաթղթեր են, իսկ դրանց հետեւանքներից վատագույնն այն է, որ Թուրքիան մեծ եռանդով ներխուժեց ղարաբաղյան խնդրի կարգավորման մեջ։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց Ազգային ժողովի նախկին փոխխոսնակ, ՀԱԿ անդամ Կարապետ Ռուբինյանը։ Նրա խոսքով, բոլորովին պատահական չէ, որ Սերժ Սարգսյանի փորձերը՝ ներքին լեգիտիմության բացը լրացնել նախաձեռնողական արտաքին քաղաքականությամբ, ձախողվում են։

«Նա չկարողացավ կանգնեցնել հայ-թուրքական գործընթացը, այլ գերտերությունների ճնշման տակ ընդամենը ժամանակավորապես առկախեց այն»,- նկատեց Ռուբինյանը՝ բոլորովին պատահական չհամարելով նաեւ այն, որ ռուս-թուրքական մերձեցման ֆոնին ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը մտածված կամ պատահական կերպով տեղեկատվության արտահոսք թույլ տվեց՝ նշելով, թե դեռ ժամանակը չէ խոսելու Ղարաբաղի՝ հանձնվելիք շրջանների քանակի եւ ժամկետների մասին։

Իշխող կուսակցության ներկայացուցիչ Արտակ Զաքարյանը համաձայնեց, որ հայ-թուրքական գործընթացում Թուրքիան չկարողացավ անտաբեր գտնվել Ղարաբաղի հարցում, սակայն կարեւոր համարեց նաեւ այն, որ ինչ էլ լինի՝ Թուրքիան չկարողացավ նախապայմանների լեզվով խոսել Հայաստանի հետ։ «Հայ-թուրքական գործընթացի բոլոր փուլերը կանխատեսելի եւ հաշվարկների մեջ են եղել։ Թուրքիայի գործողություններն անսպասելի չէին, եւ մենք գիտեինք, որ գործընթացը չպետք է հարթ ու խաղաղ ընթանար, բայց կարեւորն այն է, որ Հայաստանի շահերը դրանից չեն տուժել եւ չեն բեկանվել»,- ընդգծեց Զաքարյանը՝ ավելացնելով, որ դա մեծ ձեռքբերում է։ Ամփոփելով՝ հանրապետական պատգամավորը շեշտեց, որ Ղարաբաղի տարածքների վերադարձի մասին մտավախություններն անհիմն են։