«Եթե Հայաստանում չանցկացվեն արտահերթ ընտրություններ, դա միայն խորացնելու է քաղաքական ճգնաժամն ու երկրում առկա տնտեսական իրավիճակը։ Եւ դա բերելու է ավելի ու ավելի մեծ լարվածության եւ առճակատման»,-այսօր՝ մայիսի 14-ին հայտարարել է Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը։ Նա այդ հայտարարությունն արել է՝ պատասխանելով հարցին՝ ինչպե՞ս է գնահատում իշխանություններին ուղղված ՀԱԿ պահանջները, որոնք ներկայացվել էին մարտի 1-ի հանրահավաքում։ Հիշեցնենք, որ ՀԱԿ պահանջների մեջ էին նաեւ քաղբանտարկյալների ազատ արձակումը, «Ա1+»-ի վերաբացումը, ինչպես նաեւ հունիսից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում արտահերթ խորհրդարանական եւ նախագահական ընտրությունների անցկացումը։ Զուրաբյանն ասել է, որ իրենք հիմնավորել էին, թե ինչու են սահմանել նման ժամկետներ ու պահանջներ։ Սակայն իշխանությունները որեւէ քայլ այդ պահանջների ուղղությամբ մինչ օրս չեն արել։ Լ. Զուրաբյանն ասել է նաեւ, որ իշխանությունները երկու ելք ունեն՝ կամ արտահերթ ընտրությունների միջոցով թոթափել Հայաստանում առկա քաղաքական ճգնաժամը, կամ չանցկացնել ընտրություներ՝ է՛լ ավելի խորացնելով բարդությունները երկրի արտաքին եւ ներքին կյանքում։ Իսկ ո՞ր ընտրություններն է ՀԱԿ-ը համարում առաջնահերթ՝ խորհրդարանակա՞ն, թե՞ նախագահական։ Այս հարցին ՀԱԿ համակարգողը պատասխանել է,թե իրենց համար նախընտրելի է, որ առաջինն անցկացվեն նախագահական ընտրություններ։
Լեւոն Զուրաբյանը նախընտրելի է համարում առաջինը անցկացնել նախագահական ընտրություն
Հասանելի է
русскийՏեղադրություն




























