Մայիսի 14-ին Հայաստանում ԱՄՆ փոխդեսպան Ջոզեֆ Փենինգտոնը, ԱՄՆ պետական դեպարտամենտի մարդասիրական օգնության գրասենյակի տնօրեն Ջերրի Օբերնդորֆերը, ՀՀ կառավարման մարմինների եւ միջազգային հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները եւ այլ հյուրեր մասնակցել են Արարատի մարզի Դարբնիկ գյուղի դպրոցում ջեռուցման համակարգի եւ սանհանգույցների կառուցման ծրագրի բացմանը՝ կազմակերպված «Միջազգային օգնություն եւ զարգացում» (IRD) կազմակերպության կողմից։ 1966թ. կառուցված այս դպրոցում չեն եղել ոչ ջուր, ոչ ջեռուցում եւ ոչ էլ սանհանգույցներ։

Ծրագիրն իրականացվել է IRD-ի կողմից՝ մարդասիրական աջակցության շրջանակներում ԱՄՆ պետդեպարտամենտի տրամադրած 19 հազար դոլար ֆինանսավորման շնորհիվ։ Իրենց աջակցությունն են բերել «Վերջին օրերի սրբերի բարեգործություններ» կազմակերպությունը ($4000) եւ Քերոլայն ու Ջորջ Նաջարյանները ԱՄՆ-ից ($4000): Գյուղապետարանի ներդրումը կազմել է 1 միլիոն դրամ։

Այժմ դպրոցի 154 սաներն ու 27 հոգուց բաղկացած անձնակազմը ունեն բարելավված ջերմային եւ հիգիենիկ պայմաններ եւ դպրոցում սովորելը դարձել է ապահով ու հարմարավետ՝ նպաստելով աշակերտների առողջությանը, հաճախելիությանն ու առաջադիմությանը։

Մայիսի 14-ը նշանակալի օր դարձավ թե՛ դպրոցի եւ թե՛ ողջ գյուղի համար, քանի որ ԱՄՆ պետդեպարտամենտի մարդասիրական աջակցության ծրագրեր իրականացնող բոլոր կազմակերպությունները՝ «Հելլենիքեյր», «Քաունթերփարթ», «Վիշնեւսկայա-Ռոստրոպովիչ» հիմնադրամ, «Ամքոր», իրենց մասնակցությունը բերեցին այս միջոցառմանը։ Մասնավորապես՝ Ալավերդուց իր սարքավորումներով եւ դեղորայքով ժամանած «Հելլենիքեյր» կազմակերպության շարժական բժշկական խմբի մասնագետները ողջ օրվա ընթացում բուժական-ախտորոշիչ ծառայություններ իրականացրեցին դպրոցի սաների եւ անձնակազմի համար, «Քաունթերփարթ» կազմակերպությունը տրամադրել էր կահույք, «Ամքորը»՝ դպրոցական եւ հիգիենիկ հավաքածուներ, «Վիշնեւսկայա-Ռոստրոպովիչ» հիմնադրամը՝ դպրոցական պայուսակներ, IRD-ն՝ հագուստ։