«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարել է բրենդավորված հեռախոսների վաճառքի մեկնարկի մասին:

Ընկերության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ սարքը նախատեսված է այն մարդկանց համար, ովքեր գերադասում են հիմնական ֆունկցիաներով եւ մատչելի գնով հեռախոս: Այն աշխատում է միայն Beeline բջջային ցանցի քարտերով, արժե 9900 դրամ, երաշխիքային ժամկետը 6 ամիս է:

Բաժանորդներն, ովքեր ձեռք կբերեն հեռախոսը «Քեզ համար Էքսկլյուզիվ» հատուկ սակագնային փաթեթի հետ մեկտեղ, հնարավորություն կունենան վճարել ձեռք բերված սարքի համար հետագա 10 ամիսների ընթացքում:

«Համոզված եմ, որ հաճախորդները հավուր պատշաճի կգնահատեն մեր առաջարկը, որն իր մեջ ներառում է կապի միասնական օպերատորի ծառայությունների ողջ առավելությունները միավորող հարմարավետ եւ մատչելի բջջային հեռախոս եւ „Քեզ համար Էքսկլյուզիվ“ հատուկ ակագնային փաթեթ»,- նշել է «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

«Քեզ համար Էքսկլյուզիվ» հետվճարային սակագնային փաթեթը հատուկ մշակված է Beeline բրենդավորված հեռախոսների համար: Ինչպես կանխավճարային սակագնային փաթեթն, այնպես էլ հետվճարայինը տարբերվում է ծառայությունների ողջ շրջանակի համար նախատեսված հարմարավետ գներով: Այսպես, օրինակ՝ Beeline բջջային ցանցի ներսում ելքային զանգի մեկ րոպեի արժեքը 19 դրամ է, իսկ դեպի այլ ՀՀ բջջային ցանցեր եւ ֆիքսված ցանց` ընդամենը 29.99 դրամ: «Քեզ համար Էքսկլյուզիվ» հետվճարային սակագնային փաթեթը չի նախատեսում ամենամսյա բաժանորդային վճար: