«Ցեղասպանության որբերը» վավերագրական ֆիլմը, որ ներկայացնում է ցեղասպանությունից հետո հայ որբերի ողբերգական ճակատագիրը, արժանացել է արծաթե «Թելլի» մրցանակի, որը մրցույթի բարձրագույն պարգեւն է: Այդ մասին գրում է «Asbarez»-ը:
«Armenoid Team» նկարահանող խմբի կազմում ընդգրկված են եղել Փոլ Անտոնյանը, Պետո Տեր-Պետրոսյանն ու Պարետ Մարոնյանը: Ֆիլմի թողարկումը հնարավոր է եղել շնորհիվ Պեզիկյան ընտանիքի:
Ֆիլմի նույն վարկածն առաջադրվել է տարածաշրջանային «Էմմի» մրցանակի:
Մարոնյանն «Asbarez»-ին հայտնել է, որ ֆիլմն ընտրվել է նյու-յորքյան ֆիլմարտադրողների փառատոնի կողմից, որը կայանալու է օգոստոսի 27-28-ին:
Կարճամետրաժ ֆիլմում ներառված է սենսացիոն հարցազրույց Մորիս Միսակ-Կելեկչյանի հետ, ով բացահայտել է Անթուրայի մանկատան գաղտնիքը, որտեղ ցեղասպանությունից հետո թուրքացվում էին 1000 հայ որբեր:
Առաջին աշխարհամարտից հետո ավելի քան 150 հազար հայ երեխաներ որբ էին մնացել: Մերձավոր Արեւելքի օգնության կոմիտեն օգնություն էր ցուցաբերել ավելի քան 132 հազար հայ որբերի:
«Armenoid Team»-ը ներկայումս աշխատում է ֆիլմի տեւողությունը մինչեւ մեկ ժամ հասցնելու ուղղությամբ:


























