Ինքնահոգատարությունը հաճախ չի մտնում մարդկանց հիմնական առաջնահերթությունների մեջ, սակայն դա չափազանց կարեւոր պայման է ոչ միայն առողջ հոգեկան առողջության, այլեւ սրտանոթային համակարգի բնականոն գործունեության համար։ Նման եզրակացության են հանգել Պիտսբուրգի համալսարանի ամերիկացի գիտնականները, ովքեր պարզել են, թե ինչպես է ինքնահոգատարությունն ազդում միջին տարիքի կանանց առողջության վրա։

Health Psychology-ում հրապարակված հետազոտությունը ցույց է տվել, որ գիտակցությունը եւ ինքնակարեկցանքը հզոր գործիքներ են, որոնք կարող են զգալիորեն նվազեցնել սրտաանոթային հիվանդությունների ռիսկը: Ըստ բժիշկ Ռեբեկա Թերսթոնի` ով ղեկավարել է հետազոտությունը, գիտնականները դեռ չեն ուսումնասիրել օրգանիզմի վրա այնպիսի գործոնների ազդեցությունը, ինչպիսին ինքնահոգատարությունն է:

Գիտնականները հետազոտություն են անցկացրել 45-67 տարեկան 200 կանանց մասնակցությամբ, ովքեր հատուկ հարցաթերթիկներ են լրացրել՝ նշելով, թե որքան հաճախ են հոգ տանում իրենց ֆիզիկական եւ էմոցիոնալ վիճակի մասին, փորձում ազատվել բացասական մտքերից եւ այլն։ Այնուհետեւ հարցման արդյունքները համակցվել են քներակ զարկերակի ուլտրաձայնային հետազոտության արդյունքների հետ։

Պարզվել է, որ կանայք, ովքեր ավելի շատ միավորներ են հավաքել ինքնահոգատարության թեստերում, քներակ զարկերակի ավելի լավ վիճակ են ունեցել: Նրանք ավելի քիչ աթերոսկլերոզային թիթեղներ են ունեցել, ինչը վկայում է սրտանոթային հիվանդությունների զարգացման ցածր հավանականության մասին: Ինքնահոգատարության դրական ազդեցությունը պահպանվում է նույնիսկ այնպիսի վնասակար գործոնների առկայության դեպքում, ինչպիսիք են գիրությունը, դեպրեսիան եւ ծխելը: