Ադրբեջանը Հայաստանին առաջարկում է անհապաղ սկսել  աշխատանքները ղարաբաղյան հակամարտության կարգավորման խաղաղ համաձայնագրի վրա: «Կարծում եմ, որոշակի առաջընթաց ձեռք է բերվել, եւ մենք հանգիստ կերպով կարող ենք աշխատել խաղաղ համաձայնագրի շուրջ»,- «Ինտերֆաքս-Ադրբեջան» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը։

Հարցին, թե ե՞րբ Բաքուն պատրաստ կլինի հայկական կողմի հետ խաղաղ համաձայնագրի շուրջ բանակցություններ վարել, նախարարը պատասխանել է. «Թեկուզ այսօր: Շատ լրատվամիջոցներ գրում են, որ Կազանի հանդիպումը հաջողությամբ չպսակվեց, սակայն ես համաձայն չեմ այդ մտքի հետ։ Ես առավել համաձայն եմ այն տեսակետի հետ, որ մերձեցում տեղի ունեցավ, եւ որ մենք՝ Հայաստանն ու Ադրբեջանը, բանակցությունները պետք է շարունակենք առանց PR-ների ու հիստերիայի։ Կազանը մեզ թույլ տվեց առաջ շարժվել:

Մենք հասկացանք, որ չհամաձայնեցված տարրեր դեռեւս կան, սակայն դրանք ամեն դեպքում պետք է արտացոլվեն խաղաղ պայմանագրում, եւ եթե իրականում բարի կամքն կա, ապա եկեք միանգամից աշխատենք դրա վրա՝ չսպասելով հիմնարար սկզբունքների շուրջ բանակցությունների հաջորդ փուլին»,- առաջարկել է ադրբեջանական արտաքին գերատեսչության ղեկավարը։