Հայկական արտահանման ծավալների աճ հնարավոր է միայն ԵԱՏՄ շուկայում ներկայության ընդլայնմամբ: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը, ներկայացնելով «Հայաստանի տնտեսությունը 2021 թվականին՝ ԵԱՏՄ-ին երկրի անդամակցության համատեքստում» զեկույցը, ասաց «Ինտեգրացիա եւ զարգացում» ՀԿ նախագահ եւ Եվրասիական փորձագիտական ​​ակումբի համակարգող Արամ Սաֆարյանը:

Վկայակոչելով Տնտեսական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Թավադյանի եւ «Այլընտրանք» հետազոտական ​​կենտրոնի ղեկավար, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանի ղեկավարությամբ իրականացված ուսումնասիրությունների արդյունքները, Սաֆարյանը նշեց, որ կա մի քանի գործոն, որոնք պայմանավորեցին Հայաստանի գրեթե 6 տոկոս տնտեսական ակտիվությունը 2021 թվականին:

Նրա խոսքով՝ բիզնեսի ներկայացուցիչները լուրջ ջանքեր են գործադրել 2020 թվականին 8 տոկոս անկումից հետո տնտեսական աճ ապահովելու համար։ «Մյուս պատճառը Թուրքիայի հետ տնտեսական կապերի ժամանակավոր «սառեցումն» է։ Սա բավարար էր, որպեսզի տեղական արտադրողները փորձեին ոտքի կանգնել»,- ասաց Եվրասիական փորձագիտական ​​ակումբի համակարգողը։

Սաֆարյանի խոսքով՝ հետաքրքիր կլինի հետեւել՝ արդյո՞ք այս ամենը բավարար կլինի տեղական արտադրողների համար, որպեսզի նրանք կարողանան մրցակցել թուրքականների հետ։ «Տնտեսության զարգացման համար կարեւոր խթան հանդիսացավ նաեւ Հայաստանի իշխանությունների կողմից կորոնավիրուսի հետ կապված սահմանափակումների վերացումը, հատկապես՝ 2021 թվականի վերջին ամիսներին։ Ակտիվության վրա ազդեց նաեւ դեպի ԵԱՏՄ երկրներ, մասնավորապես՝ Ռուսաստան արտահանման եւ ներմուծման աճը»,- ասաց ՀԿ նախագահը։