Միջուկային հրթիռների եւ ռումբերի համաշխարհային շուկան մեկ տասնամյակի ընթացքում կգերազանցի 126 մլրդ դոլար, ինչը 2020-ի համեմատ գրեթե 73 տոկոսով ավելի է, քանի որ ուկրաինական ճգնաժամը խթանում է ռազմական ծախսերը: Այս մասին ասվում է պորտլանդական Allied Market Research հետազոտական ընկերության զեկույցում։

Շուկայի արժեքն աճել է 72,6 տոկոսով՝ 2020-ին ընկերության մոտ 73 մլրդ դոլարի գնահատականի համեմատ, քանի որ COVID-19-ը եւ առողջապահական ճգնաժամին համար միջոցների վերաբաշխումը «լրջորեն ազդել են» պաշտպանական հատվածի վրա, հայտնում է Reuters-ը:

Զեկույցում ասվում է, որ աշխարհաքաղաքական հակամարտությունների աճը եւ ռազմական բյուջեների ավելացումը, ամենայն հավանականությամբ, կհանգեցնեն այս թվի տարեկան կտրվածքով 5,4 տոկոս ավելացմանը՝ մինչեւ 2030 թվականը:

Զեկույցը կանխատեսում է, որ փոքր միջուկային մարտագլխիկների պահանջարկը, որոնք հեշտությամբ կարող են կիրառվել օդանավերի եւ ցամաքային հրթիռների միջոցով, կնպաստի այս ոլորտներում ավելի արագ աճի, թեեւ սուզանավից արձակվող բալիստիկ հրթիռները 2020-ին կազմել են շուկայի մեկ քառորդը:

Թեեւ 2020-ին Հյուսիսային Ամերիկան գերիշխում էր համաշխարհային շուկայի կեսից ավելիին, զեկույցը կանխատեսում է, որ ամենաարագ աճը տեղի կունենա Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում՝ շնորհիվ իրենց միջուկային զինանոցը ամրապնդելու Հնդկաստանի, Պակիստանի եւ Չինաստանի նախաձեռնությունների:

Նշվում է, որ միջուկային զենքի չտարածման պայմանագրերի եւ ազգային ջանքերի աճող ազդեցությունը պետք է մեծացնի պահեստում պահվող կամ ապամոնտաժման սպասող մարտագլխիկների թիվը:

Սակայն ակտիվ զենքերը 2020-ին զբաղեցնում էին շուկայի «առյուծի բաժինը»՝ ավելի քան երկու երրորդը՝ միջուկային զինանոցներում ներդրումների եւ նոր մարտագլխիկների գնման շնորհիվ։

Մեծ Բրիտանիան, Չինաստանը, Ֆրանսիան, Ռուսաստանը եւ ԱՄՆ-ը տարեսկզբին համատեղ հայտարարություն էին տարածել այն մասին, որ միջուկային պատերազմում հաղթողներ չեն կարող լինել եւ դրանից պետք է խուսափել: