Մայիսի 22-ին Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների բրյուսելյան հանդիպումից եւ մայիսի 24-ին սահմանազատման եւ սահմանների անվտանգության հարցերով կառավարական հանձնաժողովների առաջին նիստից հետո NEWS.am-ը հարցում էր ուղարկել ՌԴ ԱԳՆ՝ բրյուսելյան հանդիպման, ԵՄ միջնորդական դերի, ինչպես նաեւ սահմանների սահմանազատման հանձնաժողովների աշխատանքներին ռուսական կողմի ներգրավման հեռանկարների եւ եռակողմ հանդիպման հնարավորության վերաբերյալ ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի որոշ հայտարարությունները մեկնաբանելու խնդրանքով: Ի պատասխան՝ ՌԴ ԱԳՆ տեղեկատվության եւ մամուլի վարչությունից մեզ հայտնեցին, որ հետաքրքրող թեմաները պարբերաբար լուսաբանվում են նախարարության ղեկավարության կողմից եւ ուղարկել են ռուս դիվանագետների վերջին երկու ամսվա ընթացքում արված որոշ պաշտոնական հայտարարությունների հղումները:
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հարցերով երկկողմ հանձնաժողովի առաջին հանդիպումը եււ աջակցություն հայտնել Երեւանի եւ Բաքվի միջեւ Եվրամիության միջնորդությամբ երկխոսությանը։ Բացի այդ, Բլինքենը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցի ընթացքում Վաշինգտոնի աջակցությունն է առաջարկել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման հարցում՝ հաստատելով ԱՄՆ-ի պատրաստակամությունը երկկողմանի հիմքով աջակցել, ինչպես նաեւ համախոհ գործընկերների հետ համատեղ՝ «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ երկարաժամկետ համապարփակ խաղաղության ձեռքբերմանը նպաստելու համար: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս հայտարարությունները եւ Միացյալ Նահանգների դերն ընդհանուր բանակցային գործընթացում՝ հաշվի առնելով, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափն այժմ փաստացի չի գործում։
ՌԴ նախարարությունում առաջարկեցին ծանոթանալ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարություններին Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ ապրիլի 8-ին կայացած բանակցություններից հետո, երբ Լավրովը գնահատեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափի հեռանկարներն ու առաջնահերթությունը։ «Ես չգիտեմ, թե ինչպիսին կլինի ապագա ճակատագիրը: Այս խմբի ֆրանսիացի եւ ամերիկացի «գործընկերները» ռուսատյացության տենդի մեջ են՝ փորձելով չեղարկել այն ամենը, ինչ վերաբերում է Ռուսաստանի Դաշնությանը, չեղարկեցին նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների «եռյակը»։ Հայտարարեցին, որ այս ձեւաչափով մեզ հետ չեն շփվելու։ Դա իրենց իրավունքն է: Եթե նրանք պատրաստ են զոհաբերել կարգավորման շահերը Լեռնային Ղարաբաղում եւ ընդհանրապես Անդրկովկասում (տվյալ դեպքում՝ հայկական կողմի), դա նրանց ընտրությունն է։ Խոսքը միայն այս կոնկրետ կոնֆլիկտի մասին չէ: Նրանք Երկրի վրա մյուս բոլոր ճգնաժամերն իրենց ռուսատյաց քաղաքականության պատանդն են դարձնում: Նրանք բոլորին ստիպում են դադարեցնել փոխգործակցությունը ցանկացած ձեւաչափով, միայն թե ապացուցեն իրենց միակողմանի կամքը թելադրելու կարողությունը։ Այս մոտեցումն անպատասխանատու եմ համարում։ Այն մեզ հունից չի հանի: Ինչպես եւ միշտ, մենք լիովին հանձնառու ենք ղարաբաղյան իրավիճակի կարգավորմանը նպաստելուն, Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների միջեւ եռակողմ ձեւաչափով ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունների իրականացմանը։ Եթե ԱՄՆ-ն ու Ֆրանսիան որոշել են այլ կերպ վարվել, Աստված նրանց դատավոր»,- հայտարարել էր Լավրովը:
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի՝ մայիսի 22-ի հայտարարության մեջ ոչ մի խոսք չկա Ռուսաստանի միջնորդական դերի եւ Մոսկվայի հովանու ներքո ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների մասին։ NEWS.am-ին տված հարցազրույցում պատասխանելով հարցին, թե ինչու Միշելը չհիշատակեց Ռուսաստանի դերը, Հարավային Կովկասում եւ Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը պատասխանեց. «ԵՄ-ն միշտ ընդգծել է նախկինում ձեռք բերված բոլոր եռակողմ համաձայնագրերի իրականացման անհրաժեշտությունը, որոնք հիմք են հանդիսացել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ընթացիկ քննարկումների համար։ Թույլ տվեք ընդգծել. ոչ ոք կասկածի տակ չի դնում 2020 եւ 2021 թթ. Մոսկվայի հետ ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների արդիականությունը»։ Ինչպե՞ս է Ռուսաստանը գնահատում Երեւանի եւ Բաքվի բանակցություններում ԵՄ-ի միջնորդական ջանքերը եւ այս ուղղությամբ Բրյուսելի հետ համագործակցության հնարավորությունը։
Վերոհիշյալ ճեպազրույցի ժամանակ Սերգեյ Լավրովը քննադատել էր նաեւ ԵՄ-ի գործողությունները հայ-ադրբեջանական բանակցությունների շրջանակներում եւ հիշեցրեց Ռուսաստանի միջնորդությամբ ավելի վաղ ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունները։
«Կցանկանայի, որպեսզի մեր եվրոպացի գործընկերները Բրյուսելում հասկանային, որ այս «հունն» արդեն ստեղծվել է երեք առաջնորդների կողմից 2020 եւ 2021 թթ., եւ նրանք խոչընդոտներ, «պատնեշներ» կամ այլ ինչ-որ բան չեն ստեղծելու: Ընդգծեց, որ Շառլ Միշելի՝ Ադրբեջանի նախագահի եւ Հայաստանի վարչապետի հետ հանդիպումից հետո հրապարակված կոմյունիկեում Ռուսաստանի Դաշնությունը ոչ մի տեղ հիշատակված չէ։ Սա ցույց է տալիս, թե ինչն է ավելի կարեւոր ԵՄ ղեկավարության համար՝ զարգացնել ձեռք բերվածը, թե օգտագործել ղարաբաղյան թեման՝ իր ռուսաֆոբ գծով «ներկա ստանալու» համար: Տխուր է. Ռուսաստանը երբեք չի զոհաբերի մեր ամենամոտ դաշնակիցների շահերն ինչ-որ աշխարհաքաղաքական, քարոզչական ծրագրերի կամ խաղերի համար։ Ամբողջությամբ հանձնառու ենք աջակցությանը Հայաստանի եւ Ադրբեջանի՝ բնականոն կյանք վերադառնալու գործում: Այդ աշխատանքի մի մասը սահմանազատումն է: Մենք եւ մեր գործընկերներն այսօր հաստատեցինք, որ Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների որոշումն առ այն, որ սահմանազատման հանձնաժողովը լինելու է երկկողմանի՝ ռուսական կողմի խորհրդատվական մասնակցությամբ, ուժի մեջ է։ Ոչ միայն այն պատճառով, որ մենք ունենք Ռուսաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի քարտեզը, որը Երեւանն ու Բաքուն պատրաստ են օգտագործել, այլեւ այն պարզ պատճառով, որ այս տարածքում մեր դարերով համատեղ բնակությունը թույլ է տալիս հուսալ, որ այսպիսի խնդիրներն ավելի արդյունավետ կլուծվեն այս ձեւաչափով: Զարգացնում եմ միտքը, թե ինչպես է Բրյուսելն իրեն դիրքավորում ոչ միայն սահմանազատման հարցերում։ Շառլ Միշելը նաեւ առաջ էր տանում եռակողմ առեւտրային, տնտեսական եւ տրանսպորտային նախագծերը։ Խոսում էր խաղաղության պայմանագրի առաջմղման գործում Եվրամիության դերի մասին: Մենք արդեն ծանոթ ենք այդպիսի «նրբանկատությանը»։ Զուտ եվրոպական։ Ա.Ս. Միրզոյանը մեջբերեց ադրբեջանցիների հայտարարությունն այն մասին, որ համանախագահների «եռյակը» դադարել է գոյություն ունենալ. Ես չեմ լսել Ադրբեջանի այդ հայտարարությունը։ Բայց այն, որ այդ մասին ասել են ֆրանսիացիներն ու ամերիկացիները՝ որպես «եռյակի» մաս, ինձ համար դա փաստ է։ Չգիտեմ, թե ինչ խոսքերով են արել իրենց հայտարարությունը։ Փաստն այն է, որ նրանք զոհաբերեցին տարածաշրջանի ճակատագիրը իրենց ռուսաֆոբ նպատակներին,առնվազն՝ այն դերին, որը կարող էր ունենալ «եռյակը» տարածաշրջանի ճակատագրում։ Առաջնահերթությունները նրանք բավականին հստակ սահմանեցին»,- ասաց ռուս նախարարը։
Ըստ ՌԴ ԱԳՆ-ի՝ մայիսի 23-ին Հայաստանի, Ադրբեջանի եւ ԵՄ ղեկավարների բրյուսելյան հանդիպումից մեկ օր անց Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցները Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հետ հաստատեցին հանձնառությունը 2020 թ. նոյեմբերի 9-ի, 2021 թ. հունվարի 11-ի եւ 2021 թ. նոյեմբերի 26-ի ամենաբարձր մակարդակի համաձայնագրերի եռակողմ համապարփակ իրականացմանը, մասնավորապես՝ Հարավային Կովկասում տրանսպորտային եւ տնտեսական կապերի ապաշրջափակման, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման եւ Երևանի եւ Բաքվի միջեւ հարաբերությունների կարգավորմանն ուղղված նախագծային գործողությունների մեկնարկի առումով: Նշենք, որ ադրբեջանցի նախարարի հետ զրույցի մասին ռուսական կողմի հաղորդագրության համաձայն՝ հաստատվել է հանձնառությունը եռակողմ բոլոր պայմանավորվածությունների խստիվ կատարմանը։
Նախարարությունում նաեւ հիշատակել են Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի՝ մայիսի 18-ին եւ 25-ին արված հայտարարություններն այն մասին, որ Ռուսաստանը տեսնում է ամենաբարձր մակարդակով եռակողմ համաձայնագրերի իրականացման գործընթացին միջամտելու ԵՄ-ի համառ փորձերը։ «Ակնկալում ենք, որ Բրյուսելը կօգնի դրանք կյանքի կոչել, այլ ոչ թե կփորձի աշխարհաքաղաքական խաղեր մտցնել»,- նշել էր Զախարովան՝ հիշեցնելով, որ Բաքվի եւ Երևանի միջեւ հարաբերությունների համապարփակ կարգավորմանն ուղղված ջանքերի հիմքում ընկած են ղեկավարների՝ 2020 թ. նոյեմբերի 9-ի եւ 2021 թվականի հունվարի 11-ի եւ 26-ի եռակողմ պայմանավորվածությունները։
Ռուսաստանը բազմիցս հայտնել է ադրբեջանա-հայկական սահմանի սահմանազատման երկկողմ հանձնաժողովի աշխատանքներին խորհրդատվական աջակցություն ցուցաբերելու իր պատրաստակամությունը։ Ասացեք, խնդրեմ, հայկական եւ ադրբեջանական կողմերից (կամ կողմերից որեւէ մեկից) կա՞ արդյոք խորհրդատվական օգնություն ցուցաբերելու Ռուսաստանին ուղղված դիմում, քանի որ հանձնաժողովի առաջին նիստն արդեն կայացել է, իսկ երկրորդը նախատեսված է Մոսկվայում, երրորդը՝ Բրյուսելում։
ՌԴ ԱԳՆ-ում հիշատակել են Մ.Զախարովայի այն հայտարարությունը, թե խորհրդատվական օգնություն ցուցաբերելու համար ռուս փորձագետների թիմն արդեն ձեւավորվել է: «Ռուսաստանն յուրահատուկ փորձագիտական ներուժ ունի հետխորհրդային տարածքում սահմանազատման եւ սահմանային վեճերի կարգավորման ոլորտում։ Մեր տրամադրության տակ կան անհրաժեշտ քարտեզագրական նյութեր։ Հանձնաժողովի գործունեության շրջանակներում մենք ուրախ կլինենք կիսել մեր փորձն ու աշխատանքը հայ եւ ադրբեջանցի ընկերների հետ»,- նշել էր Զախարովան։
Արդյո՞ք Ռուսաստանը Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների նոր եռակողմ հանդիպման անհրաժեշտություն է տեսնում: Արդյո՞ք նախապատրաստական աշխատանքներ են տարվում այս մակարդակով հանդիպում կազմակերպելու համար։
ՌԴ ԱԳՆ տեղեկատվության եւ մամուլի վարչությունն այս կապակցությամբ հիշեցրել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոյի՝ ՏԱՍՍ գործակալությանը տված հարցազրույցում հայտարարությունն այն մասին, որ առաջնորդները մշտական կապի մեջ են, եւ ռուսական կողմը չի բացառում, այդպիսի անհրաժեշտություն դեպքում, դեմ առ դեմ հանդիպման կազմակերպումը։





























