Մերձավոր Արեւելքի զարգացումները խիստ կարեւոր են ինչպես Հայաստանի, այնպես էլ տարածաշրջանի հայ համայնքի համար, որը ստեղծված իրավիճակի պայմաններում կարող է հեռանալ Արեւմուտք՝ Եվրոպա։ Օգոստոսի 26-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նման տեսակետ հայտնեց «Նորավանք» հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը։
Մերձավոր Արեւելքում եւ Հյուսիսային Աֆրիկայում տեղի ունեցող իրադարձությունները նա որակեց իբրեւ ազդեցությունների ոլորտների վերաձեւման երեւույթներ։ «Մեծ խաղ է գնում, եւ այն, ինչ կատարվում է աշխարհի այդ երկու կետերում աշխարհի վերաձեւավորման հերթական գործընթացն է։ Կոնկրետ Լիբիայում տեղի ունեցող իրադարձությունները պետք է ընդունել որպես դրսի ուժեր աջակցությամբ կատարվող գործընթացներ»,- նկատեց Գագիկ Հարությունյանը։
NEWS.am-ի թղթակցի հարցին, թե հատկապես ի՞նչ կերպ կարող են ազդել Հայաստանի վրա Մերձավոր Արեւելքում եւ Հյուսիսային Աֆրիկայում տեղի ունեցող գործողությունները, «Նորավանք» հիմնադրամի տնօրենը նկատեց, որ դրանք մեր երկրի քաղաքական կյանքի վրա անմիջական ազդեցություն չեն կարող ունենալ, քանի որ ընթանում են «յուրահատուկ տարածաշրջանում»։
Ամփոփելով՝ Գագիկ Հարությունյանը նկատեց, որ պայթյունավտանգ տարածաշրջանում իրադարձությունների զարգացման տարբերակներից մեկն էլ կարող է իրաքյան սցենարի կրկնությունը լինել։ «Այդ պարագայում մենք պետք է փորձենք մեր հայրենակիցներին հյուրընկալել մեր երկրում»,- ասաց նա։




























