Ֆրանսիացի դիվանագետ Ֆիլիպ Լեֆորտը (Philippe Lefort) նշանակվել է Հարավային Կովկասի եւ Վրաստանում ստեղծված ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ:

ԵՄ գերագույն խորհրդի արտաքին հարաբերությունների հարցերով Քեթրին Էշթոնի առաջարկի հիման վրա ընդունված ԵՄ խորհրդի որոշման համաձայն` Լեֆորտը կփոխարինի Պիեռ Մորելին եւ Պիտեր Սեմնեբիին 2011 թ. սեպտեմբերի 1-ից 2012 թ. հունիսի 30-ը ընկած ժամանակահատվածում, ասված է ԵՄ կայքի հաղորդագրության մեջ:

Հատուկ ներկայացուցչի մանդատը իր մեջ ներառում է շփումներ կառավարության, խորհրդարանի, այլ քաղաքական խաղացողների, դատական համակարգի եւ տարածաշրջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:

Ֆիլիպ Լեֆորտը ավելի քան 20 տարվա փորձառությամբ ֆրանսիացի դիվանագետ է: Նա իր կարիերայի մեծ մասը հատկացրել է Կովկասին եւ Ռուսաստանին, զբաղեցրել է Վրաստանում Ֆրանսիայի դեսպանի պաշտոնը (2004-2007 թթ.), նաեւ եղել է  Ռուսաստանում Ֆրանսիայի դիվանագիտական առաքելության ղեկավարի տեղակալ (2007-2010 թթ.):