Հայաստանի առեւտրային ներկայացուցչությունները ոչնչով չեն օգնում հայկական ձեռնարկություններին` կազմակերպել արտահանումը: Նման հայտարարությամբ այսօր` օգոստոսի 26-ին հանդես եկավ «Արմեն Մոթորս» ընկերության գլխավոր տնօրեն Կառլոս Պետրոսյանը` «Ալմաստ» գործարանում էկոնոմիկայի նախարարության հրավիրած խորհրդակցության ժամանակ:
Նշենք, որ արտասահմանյան երկրներում Հայաստանն ունի 2 առեւտրային ներկայացուցչություն` Եվրամիությունում եւ Ռուսաստանում: Եվրամիությունում մեր ներկայացուցչությունը ղեկավարում է Վարոս Սիմոնյան (նստավայրը` Բրյուսել), իսկ Ռուսաստանում` Կարեն Ասոյանը (նստավայրը` Մոսկվա):
Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը գործարարի հայտարարության հետ կապված նշեց, որ պետությունը պատրաստ է օժանդակել այնպիսի կազմակերպությունների ստեղծմանը, որոնք բացառապես կզբաղվեն արտահանման կազմակերպմամբ, այսինքն` կգտնեն նոր շուկաներ ու գործընկերներ: Եթե նման կազմակերպություններ ի հայտ գան, Տ. Դավթյանը խոստացավ պետության կողմից կանոնանդրական կապիտալում 50 տոկոս մասնակցություն ապահովել:
«Արմեն Մոթորս» ընկերության տնօրենն էլ նշեց, որ արտահանման խրախուսման բոլոր ծրագրերը պետք է սկսել մարկետինգային քաղաքականությունից: Լավ մարկետինգ իրականացնող կազմակերպությունները, ըստ Կ. Պետրոսյանի, կարող են ստիպել տեղական արտադրողներին` դիվերսիֆիկացնել կամ փոփոխել արտադրական պլանները:




























