Երևան քաղաքի դատարանի «Կենտրոն» նստավայրում այսօր՝ հոկտեմբերի 10-ին, տեղի ունեցավ ՀՅԴ անդամ Գերասիմ Վարդանյանի գործով դատական քննությունը:

Դատարանը մերժել է 14 պատգամավորների անձնական միջնորդությունը, մերժել է նաև 10 միլիոն դրամ գրավով ազատ արձակել Վարդանյանին և երեք ամսով երկարացրել է նրա կալանքը:

«Ես իմ դիրքորոշումը հայտնել եմ նախորդ նիստերի ընթացքում, ասել եմ՝ այն մարդը չեմ, որ գամ դատարան, կանգնեմ այստեղ ու ձեզանից ազատության խնդրեմ կամ ակնկալեմ:

Այն, ինչ կա ու կատարվում է, պայքար է, հայրենիք ու պետականություն ունենալու պայքար է, Արցախն ու Սյունիքը պահպանելու  պայքար է։ Ես և իմ ընկերները գիտակցված մտել ենք այդ պայքարի մեջ, գնալու ենք մինչև վերջ մեր պետության, պետականության, Արցախի, Սյունիքի ապագան փրկելու համար։ Այս պայքարը մեր ուզածով է ավարտվելու։ Այս ամբողջ բեմականացումը կազմակերպողները, նախաձեռնողները, ներկայացնողները վաղ թե ուշ  պատասխան են տալու»,- դատարանում հայտարարեց ՀՅԴ անդամ Գերասիմ Վարդանյանը։

Լսելով կողմերի դիրքորոշումը՝ դատավոր Կարեն Ֆարխոյանը մերժեց Վարդանյանի նկատմամբ անձնական երաշխավորություն և գրավ կիրառելու միջնորդությունները՝ նշելով, որ մեղադրյալի խափանման միջոցի հիմքերը շարունակվում են պահպանվել, այլընտրանքային խափանման միջոցները ի զորու չեն ապահովելու Վարդանյանի պատշաճ վարքագիծը։

Որոշման հրապարակումից հետո հավաքվածները վանկարկեցին՝ «ամոթ»։ Մինչ դատարանում ընթանում էր դատական նիստը, դատարանի բակում ակցիա էր՝ ի աջակցության Գերասիմ Վարդանյանի։

Նշենք, որ ՀՅԴ անդամներ Բագրատ Եսայանի, Գերասիմ Վարդանյանի և Գառնիկ Մելքումյանի դեմ հարուցված քրեական գործը վերաբերում է 2020 թ. նոյեմբերի 9-ին հայտարարության ստորագրմանը հաջորդած ակցիաներին։