Ժամանակակից մարդկանց մեջ քիչ չեն նրանք, ովքեր հավատում են դավադրության համաշխարհային տեսությանը, բայց նրանց թվում, ովքեր աշխատանքի վայրում ծաղրի են ենթարկվում, այդպիսիները վիճակագրորեն ավելի շատ են: Հոգեբանները ենթադրում են, որ դա կապված է պարանոյայի հետ՝ գործընկերների հանդեպ անվստահությունը մարդուն ստիպում է ավելի հեշտ հավատալ ստորությանը մնացած աշխարհից կողմից, գրում է Social Psychology-ն։

Շատերը հավատում են դավադրության տեսությանը, որը կարեւոր իրադարձությունները բացատրում է որպես ազդեցիկ անհատների դավադրության արդյունք՝ մասոններից եւ այլմոլորակայիններից մինչեւ ընկերության ղեկավարություն: Ընդ որում, որքան հաճախ է մարդը կյանքում բախվում նեգատիվի, օրինակ՝ տան անդամների կոպտությանը կամ հանրային ծառայության աշխատողների անբարյացկամությանը, այնքան ավելի հաճախ է նա կարծում, որ դարձել է դավադրության զոհ:

Ցավոք, սա ահաբեկման բացասական հետեւանքներից մեկն է, որը տուժողների մոտ զարգացնում է անօգնականության զգացում: Դավադրության տեսությունը, կարծես թե, ազատում է մարդուն սեփական անգործունակության մեղադրանքից. «Այդ ես չեմ թուլամորթ ու անհաջողակ, այս ամենը դավադրություն է»։

Աշխատավայրում ծաղրի եւ դավադրության տեսության հանդեպ հավատի միջեւ կապը բացահայտելու համար Մեծ Բրիտանիայից եւ Ֆրանսիայից հետազոտողները երկու փորձ են կատարել: Առաջինում նրանք հարցում են անցկացրել 273 մարդու շրջանում, որպեսզի պարզեն, թե արդյոք նրանք ենթարկվել են ծաղրի գործընկերների կողմից, եւ արդյոք հավատում են, որ իրենց անհաջողություններն ինչ-որ մեկի դավադրության արդյունքն են:

Պարզվել է, որ բացասական տրամադրված թիմում աշխատող մարդիկ ոչ միայն ավելի հաճախ են հավատում, որ իրենք չարամտության զոհ են դարձել, այլեւ ավելի շատ են տառապում պարանոյայից։ Եվ դա նրանց ավելի շատ է մղում դավադրության հետ կապված համոզմունքների:

Երկրորդ փորձի ժամանակ հետազոտողները 206 մարդու խնդրել են պատկերացնել իրենց նոր աշխատավայրում երկու այլընտրանքային իրավիճակներում՝ կա՛մ որպես ծաղրի զոհ, կա՛մ որպես դրականորեն տրամադրված կոլեկտիվի աշխատող: Այնուհետեւ մասնակիցները լրացրել են հարցաթերթիկ՝ նրանց պարանոյայի մակարդակը որոշելու եւ դավադրության տեսության նկատմամբ հավատը հաստատելու համար: Եվ դարձյալ պարզվել է, որ մարդիկ, որոնք իրենց ծաղրի զոհ են ներկայացրել, ավելի հակված են եղել հավատալու, որ ղեկավարն իրենց դեմ է գործում, կամ ավագ գործընկերը, որը կազմակերպել է ծրագրված հետապնդումը։

Թեեւ նման համոզմունքները կարող են անվնաս թվալ մեկ առանձին մարդու համար, իրականում մեկուսացման պայմաններում (օրինակ՝ Covid-19 համավարակի ժամանակ) դրանք կարող են դառնալ կպչուն մտքեր, ինչը կարող է հանգեցնել, օրինակ, պատվաստումից հրաժարվելու։

Հետազոտողները կարծում են, որ հասարակության մեջ նման տրամադրությունների աճը կանխելու համար պետք է ավելի շատ ուշադրություն դարձնել աշխատանքային կոլեկտիվներում հոգեբանական հարմարավետությանը, քանի որ առանց գործընկերների անընդհատ ծաղրի մարդու համար ավելի հեշտ է հասկանալ, որ ոչ թե մասոնները, այլմոլորակայինները եւ չար ղեկավարները, այլ նա ինքն է պատասխանատու իր խնդիրների համար։