ՀԴԲ-ն մոտ էր այն բանին, որ օգտագործեր կոմերցիոն լրտեսական ծրագրային ապահովումը ներքին քրեական հետաքննություններին օգնելու համար։ Լրտեսական ծրագրային ապահովումը մշակվել է NSO Group-ի կողմից, որը հայտնի հսկման համակարգերի մատակարարն է Իսրայելից, որի արտադրանքը կապված է ամբողջ աշխարհում լրտեսական աղմկահարույց պատմությունների հետ, տեղեկացրել է New York Times-ը։

Հունվարին Times-ը հրապարակել էր լուր այն մասին, որ ՀԴԲ-ն դիտարկում է NSO-ից «Ֆանտոմ» անունով համակարգը գնելու հնարավորությունը, որը, ինչպես նշվել էր, կարող է «կոտրել» ցանկացած հեռախոս Միացյալ Նահանգներում։ Համակարգը ավելի վնասակար NSO Pegasus-ի տարբերակն էր եւ հնարավորություն ուներ համալիր կերպով թափանցել բջջային սարքեր եւ հետեւել դրանց գործողություններին։ Տեղեկացվել էր, որ ՀԴԲ-ն քննարկում է այն քրեական հետաքննություններում օգտագործելու հնարավորությունը։

Բայց շուտով մտավախություններ առաջ եկան  կոնֆիդենցիալության հետ կապված, եւ կառավարությունը պաշտպանական դիրքորոշում որդեգրեց։

Այս տարվա սկզբին Կոնգրեսի լսումներում ՀԴԲ-ի տնօրեն Քրիս Ռեյը նշել էր, որ կառավարության շփումները NSO-ի հետ «հակահետախուզական» գործողության մի մասն էին, բյուրոն երբեք չի պատրաստվել օգտագործել լրտեսական ծրագրերը։ Պաշտոնյաները ձեւացնում էին, որ կհետաքննեն, թե ինչպես կարող են այդ գործիքներն օգտագործվել չարագործների կողմից, բայց նրանք շահագրգռված չեն եղել դրանց օգտագործման մեջ։ Մեկ այլ հանդիպման ժամանակ Ռեյը Կոնգրեսի առաջնորդներին ասել էր, որ բյուրոյի հետաքրքրվածությունը NSO-ի ծրագրերով կառավարությանը թույլ կտար «պարզել, թե ինչպես կարող են, օրինակ, վատ տղաներն օգտագործել դրանք»։

Բայց Times-ի հայտնաբերած նոր փաստաթղթերը վկայում են այն մասին, որ կառավարությունը շահագրգռված է դրանց օգտագործմամբ սեփական քրեական հետաքննությունների համար։ Դրանք ներառում են ՀԴԲ-ի մի շարք ներքին PowerPoint պրեզենտացիաներ՝ ստեղծված 2020-2021թթ., որոնցում քննարկվում է, թե ինչպես կարող է բյուրոն օգտագործել հաքերային գործիքները։ Քրեական հետաքննությունների բաժինը պատրաստել է 25 էջանոց հուշագիր, որը ներառում է «հանձնարարականներ», թե ինչպես կարող են NSO-ի ծրագրերն օգտագործվել «որոշակի կոնկրետ պայմաններում», ինչպես նաեւ հրահանգներ ամբողջ երկրում օկրուգային դատախազների համար այն մասին, թե ինչպես մոտենալ գործին, որը կապված է այս գործիքի օգտագործման հետ։ Քրեական հետաքննությունների բաժինը Ռեյի համար պատրաստել էր նաեւ փաստաթուղթ այդ գործիքի հննարավոր օգտագործման մասին։

ՀԴԲ-ի ներքին փաստաթղթերը եւ իրավաբանական եզրակացությունները ավելի հստակ պատկերացում են տալիս այն մասին, որ բյուրոն շահագրգռված էր Pegasus-ի օգտագործմամբ։ Այդ փաստաթղթերը ցույց են տալիս, որ 2020թ. վերջից մինչեւ 2021թ. ամառ ՀԴԲ-ն հետաքրքրվել է Pegasus-ի հնարավոր օգտագործմամբ հեռախոսները «կոտրելու» համար, որոնք հետաքրքրել են ՀԴԲ-ին քրեական հետաքննությունների շրջանակում, գրել է NYT-ը։

Ավելի վաղ նշվել էր, որ կառավարությունը մոտ երկու տարի է ծախսել, որպեսզի որոշի, թե արդյոք կարող է օրինական հիմքով ծավալել ծրագրային ապահովումը՝ չխախտելով Ամերիկայի իրավական եւ սահմանադրական սահմանափակումները։ Այնուամենայնիվ, բանավեճը NSO-ի շուրջ բռնկվեց անցած տարվա ամռան կեսին՝ «Պեգաս ծրագրի» հրապարակմամբ՝ լրագրողական հետաքննություն, որտեղ մանրամասն նկարագրվում էր, թե որքանով են NSO-ի գործիքները օգտագործվել օտարերկրյա կառավարությունների կողմից՝ լրտեսելու համար լրագրողներին, ակտիվիստներին, իրավաբան-իրավապաշտպաններին, քաղաքական գործիչներին եւ շատ ուրիշների։ Դրանից հետո ՀԴԲ-ն շուտով, ըստ երեւույթին, դադարեցրել է ընկերության արտադրանքն օգտագործելու փորձերը։

Այդ ժամանակվանից NSO-ն պայքարում է «գոյատեւելու» համար։ ՀԴԲ-ի հետ գործարքի ձախողումից հետո ԱՄՆ-ը NSO-ն սեւ ցուցակ է մտցրել։ Դա նշանակում է կոշտ առեւտրային սահմանափակումներ եւ հնարավորությունների սահմանափակում ամերիկյան ընկերությունների համար՝ ցուցակի մասնակիցներին պահեստամասերի եւ սպասարկումների մատակարարման իմաստով։