ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հավաստիացրել է, որ իր կուսակիցները Հանրապետական կուսակցությունից, միջանկյալ ընտրությունների արդյունքներով, վերադարձրել են Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի վերահսկողությունը։

«Ուղիղ մեկ շաբաթ առաջ մեր քաղաքացիները ձայն տվեցին կարեւոր միջանկյալ ընտրություններում։ Չնայած ծիծաղելի երկար եւ անպետք սպասմանը, որն ավելի երկար տեւեց, քան երրորդ աշխարհի ցանկացած երկրում, բոլորովին վերջերս հանրապետականները վերադարձրին Ներկայացուցիչների պալատի վերահսկողությունը»,- ասել է Թրամփը Ֆլորիդայում իր կողմնակիցներին ուղղված հատուկ ուղերձում։

Ամերիկյան առաջատար ԶԼՄ-ները ներկա պահին համակարծիք են այն հարցում, որ ընտրությունների արդյունքները դեռեւս մինչեւ վերջ որոշված չեն, եւ Կոնգրեսի ստորին պալատում վերահսկողության համար պայքարում հաղթանակը այս կամ այն կուսակցությանը շնորհելը դեռ վաղ է։ Կոնգրեսում հանրապետականների մեծամասնություն ստանալու մասին կանխատեսմամբ հանդես է եկել միայն News Nation հեռուստաալիքը, որը պահպանողական հայացքների կողմնակից է։