Կիպրոս կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Կիպրոսի Ազգային ժողովի նախագահ Աննիդա Դիմիդրիուի հետ։

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հանրային կապերի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը ներկա են եղել նաև Կիպրոսի հայ համայնքի Պետական ներկայացուցիչ Վարդգես Մահտեսյանն ու ՀՅԴ Կիպրոսի կոմիտեի և Հայ Դատի հանձնախմբի ներկայացուցիչները։

Հանդիպման ընթացքում Գերագույն մարմնի ներկայացուցիչը բարձր է գնահատել Կիպրոսի պետության անվերապահ աջակցությունը կիպրահայ համայնքին։ Իշխան Սաղաթելյանը ներկայացրել է Հայաստանի ներքաղաքական վիճակը, հայկական երկու պետությունների առջև ծառացած մարտահրավերները, ինչպես նաև խոսել թուրք-աադրբեջանական դաշինքի սադրանքների մասին։

Կարևորվել է Կիպրոս-Հայաստան ռազմավարական գործընկերությունը, արցախահայության անվտանգության երաշխավորության անհրաժեշտությունը և այս համատեքստում մտքեր են փոխանակվել հայ-թուրքական, հայ-ադրբեջանական հարաբերությունների ու տարածաշրջանային զարգացումներին վերաբերյալ։

Իր հերթին Կիպրոսի Ազգային Ժողովի Նախագահը կարևորել է Կիպրոս-Հայաստան հարաբերություների առավել ամրապնդումը՝ հաստատելով, որ Կիպրոսը շարունակելու է իր զօրակցությունն արտահայտել Հայաստանին և Հայ ժողովրդի դատին՝ հենվելով մարդկային արժեքների սկզբունքներին և հարգելով միջազգային իրավունքի սկզբունքները։ Ազգային ժողովի նախագահը հույս է հայտնել, որ նոր հանդիպումների առիթներ կլինեն։