ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը վստահություն է հայտնել, որ Ֆինլանդիան եւ Շվեդիան կմիանան դաշինքին ընդամենը մի քանի օր անց, երբ Ստոկհոլմը հայտարարեց, որ արել է հնարավոր ամեն ինչ՝ Թուրքիայի անդամակցության վերաբերյալ կասկածները փարատելու համար։
«Ես վստահ եմ, որ անդամակցության գործընթացը կավարտվի, եւ ՆԱՏՕ-ի բոլոր դաշնակիցները կվավերացնեն անդամակցության մասին արձանագրությունները իրենց խորհրդարաններում։ Դա վերաբերում է նաեւ Թուրքիային»,-ասել է նա։
Անդամակցության գործընթացը սովորաբար տեւում է տարիներ։ Հուլիսին բոլոր 30 անդամները ստորագրել են արձանագրությունները, բացառությամբ Թուրքիայի եւ Հունգարիայի։
«Դա ՆԱՏՕ-ի ժամանակակից պատմության մեջ անդամակցության ամենաարագ գործընթացն էր»,-ասել է Սթոլթեներգը։
Նա նաեւ նվազեցրել է ցանկացած ռիսկ, որ Ֆինլանդիան եւ Շվեդիան կարող են հարձակման կամ ճնշման ենթարկվել դաշինքին միանալու փորձի պատճառով՝ ասելով, որ Միացյալ Նահանգները եւ մյուս դաշնակիցները երկու երկրներին առաջարկել են «անվտանգության երաշխիքներ», քանի դեռ նրանք չեն դարձել լիիրավ անդամ: «Անհնար է, որ Ֆինլանդիան եւ Շվեդիան բախվեն որեւէ ռազմական սպառնալիքի՝ առանց ՆԱՏՕ-ի արձագանքի»,-ասել է Սթոլթենբերգը։
Անցած ամիս Թուրքիայի արտգործնախարար Մեւլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Շվեդիան նույնիսկ «կես ճանապարհին» չէ Անկարայի հանդեպ իր պարտավորությունները կատարելու հարցում։ Նրա հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ շվեդական դատարանը որոշել է մերժել լրագրողի արտահանձնումը, որը թուրքական իշխանությունների կողմից հետախուզվում էր 2016 թվականին ձախողված պետական հեղաշրջմանը մասնակցելու կասկածանքով։
Շվեդիայի վարչապետ Ուլֆ Կրիստերսոնը հայտարարել է, որ իր երկիրը կատարել է իր պարտավորությունները, եւ որոշումն այժմ «Թուրքիային է պատկանում»։



























