Անգլիայում վիճակախաղի հաղթողին բռնել են սպորտային կոշիկներ գողանալիս, գրում է Daily Star-ը եւ ահվելում, որ ոստիկանության տվյալներով տղամարդու գործողությունների հետեւանքով վնասի չափը կազմում է մոտ 15 հազար ֆունտ։
43-ամյա Դեյվիդ Սվաթմանը 2018 թվականին վիճակախաղով 100 հազար ֆունտ է շահել։ Լինելով «Լիվերպուլի» հավատարիմ երկրպագու՝ տղամարդը խոստացել է, որ ողջ գումարը կծախսի ֆուտբոլային հանդիպումներին ներկա գտնվելու վրա։ Այս ամբողջ ընթացքում նա շարունակել է աշխատել կոշիկի խանութում, որտեղ բազմիցս նոր սպորտային կոշիկներ է գողացել, որոնք վաճառել է համացանցում։
Ընկերությունը հետաքննություն է սկսել: Ավելի ուշ ոստիկանները ձերբակալել են Դեյվիդին եւ տարել հարցաքննության, որտեղ նա խոստովանել է իր կատարած գողությունները։ Հետաքննության տվյալներով՝ Սվաթմանին հաջողվել է գողանալ 22 զույգ կոշիկ։
Տղամարդուն դատարանը դատապարտել է 20 ամսվա պայմանական ազատազրկման։ Բացի այդ, դատարանը նրան պարտավորեցրել է հաճախել վերականգնողական դասընթացների եւ նշանակել 150 ժամ հասարակական աշխատանք։




























