Իտալիան մտադիր է Ադրբեջանին չորս գազային տուրբինների վաճառքի նոր պայմանագիր կնքել, շաբաթ օրը հայտարարել է արդյունաբերության նախարար Ադոլֆո Ուրսոն՝ Ադրբեջան կատարելիք այցից առաջ, փոխանցում է Reuters-ը։
Գործարքին կմասնակցեն էլեկտրաէներգիայի ոլորտի համար ծառայություններ մատուցող իտալական Ansaldo Energia-ն եւ երկրի էլեկտրաէներգիայի ամենամեծ արտադրող Azerenerji-ն, ասվում է նախարար Ադոլֆո Ուրսոյի հայտարարության մեջ: Նա ֆինանսական մանրամասներ չի հայտնել։
Այս լուրը հայտնվել է այն բանից հետո, երբ Իտալիան եւ Լիբիան գազի արդյունահանման 8 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր են ստորագրել, որի նպատակն է մեծացնել Եվրոպա էներգակիրների մատակարարումները:
Իտալիան աշխատում է, որպեսզի կրկնապատկելով մինչեւ 20 միլիարդ խորանարդ մետրի հասցնի Անդրադրիատիկ գազատարի (TAP) թողունակությունը, որը ադրբեջանական գազը բերում է Ապուլիա՝ երկրի հարավ-արեւելքում:
«Հուսով եմ, որ առաքելությունը կծառայի մեր երկու երկրների միջեւ ռազմավարական հարաբերությունների ամրապնդմանը»,- ասել է Ուրսոն, որը կիրակի օրը պետք է հանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ նախարարների հետ։
«Կասպից ծովի եւ էներգիայով եւ հումքով հարուստ Կենտրոնական Ասիայի երկրների միջեւ իր աշխարհագրական դիրքի շնորհիվ Ադրբեջանը կարող է գնալով ավելի ու ավելի շատ կամուրջ դառնալ դեպի մեր երկիր, Եվրոպա եւ Միջերկրական ծով՝ դրանով իսկ հաստատելով Իտալիայի դերը՝ որպես Եվրոպայի էներգետիկ հանգույց»,- հավելել է իտալացի նախարարը։




























