Վրաստանի քրեակատարողական ծառայությունը հայտարարել է, թե լուրերն այն մասին, որ նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ի վիճակի չէ ինքնուրույն տեղաշարժվել, իրականությանը չեն համապատասխանում, հայտնում է «Նովոստի-Գրուզիան»:

Քրեակատարողական ծառայությունը հայտարարել է այն մասին, որ «պետության կողմից ոչ ճիշտ արձագանք ներկայացնելու միջոցով հանրային անկարգություններ առաջացնելու եւ երկրի դրական իմիջին վնասելու նպատակով կեղծ տեղեկատվական արշավ է իրականացվել»։

Իր պնդումներն ապացուցելու համար քրեակատարողական ծառայությունը հրապարակել է Միխեիլ Սաակաշվիլու մասին նոր կադրեր «Վիվամեդ» կլինիկայից, որտեղ նա գտնվում է անցյալ տարվա մայիսից։

Կադրերը թվագրված են անցյալ տարվա դեկտեմբերի 17-ով, այս տարվա փետրվարի 1-ով, 8-ով եւ 9-ով: Դրանք ցույց են տալիս, որ Սաակաշվիլին ինքնուրույն է տեղաշարժվում։ Կադրերի մի մասում երրորդ նախագահը լիովին հագնված չէ, սակայն բանտային ծառայությունը մասամբ քողարկող պատկեր է տեղադրել։ Ընդ որում՝ վերջին օրերի կադրեր չեն եղել։

Սաակաշվիլու մայրը՝ Գիուլի Ալասանիան, վերջին շաբաթվա ընթացքում հայտարարում է, որ Սաակաշվիլին էլ ավելի է թուլացել եւ դժվարությամբ է տեղաշարժվում, եւ նա գրեթե անընդհատ պառկած է։

Օրերս CNN-ը եթեր էր հեռարձակել Միխեիլ Սաակաշվիլու մասին կադրեր «Վիվամեդ» կլինիկայում, որոնք թվագրված են անցյալ տարվա հոկտեմբերի 6-ով եւ 4-ով, որը տրամադրել է ամերիկացի փաստաբանը, որը հաղորդման ընթացքում խոսել է նախկին նախագահի առողջական ծանր վիճակի մասին։ Կադրերում երեւում է, թե ինչպես է Սաակաշվիլին մտնում հիվանդասենյակ, կորցնում հավասարակշռությունը եւ ընկնում։