Վրաստանի խորհրդարանի քննարկմանը կներկայացվի նոր օրինագիծ, որի ընդունման դեպքում արտերկրից գումար ստացող ԶԼՄ-ներին և քաղաքացիական հասարակության կազմակերպություններին պետությունը կպիտակավորի որպես «օտարերկրյա ազդեցության գործակալներ»:

Վրաստանի քաղհասարակությունը և ԶԼՄ-ները մտավախություններ ունեն, որ այս օրինագիծը կօգտագործվի իշխող ուժի կողմից մամուլը և ընդդիմադիր հայացքներ ունեցողներին լռեցնելու համար։ Նման օրենք արդեն մի քանի տարի է՝ գործում է Ռուսաստանում։

Այս առնչությամբ վրացագետ Ջոնի Մելիքյանը NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ այս գործընթացը մի քանի շերտեր ունի. «Վրաստանում վերջին երկու տարվա գործընթացները շատ հետաքրքիր էին, որոնք ավելի ակտիվացան ուկրաինական պատերազմի ֆոնին, երբ ավելացավ ճնշումը Արեւմուտքի կողմից ՌԴ-ի դեմ ինչ-ինչ քայլեր ձեռնարկելու առումով: Այդ ճնշումներին զուգահեռ իշխող «Վրացական երազանք» կուսակցության որոշ լիդերներ անցած տարվա օգոստոսից հայտարարեցին, որ դուրս են գալիս «Վրացական երազանք»-ից եւ ձեւավորեցին «Ժողովրդի ուժը» քաղաքացիական շարժումը: Նրանք սկսեցին բաց քննադատել թե ԱՄՆ դեսպանին, թե ԵՄ դեսպանին, թե որոշ արեւմտյան գործընկերների: Այս տարվա սկզբին իրենք հայտարարեցին, որ մշակել են նախագիծ՝ օտարերկրյա ազդեցության տակ գտնվող կազմակերպությունների մասին, որն ըստ իրենց նման է արեւմտյան նմանատիպ օրենքներին:

Իրենք դնում են հետեւյալ շեմը, եթե ինչ-որ լրատվամիջոց կամ հասարակական կազմակերպություն, որի ֆինանսավորման առնվազն 20 տոկոսը դրսից է, ապա արդարադատության նախարարությունը պետք է կազմի ցուցակ, որտեղ նման կազմակերպությունները պետք է ֆիքսվեն, իրենց տրվի այդ կարգավիճակը եւ բոլորն իմանան, որ կոնկրետ այս անձինք եւ կազմակերպությունները գտնվում են արտաքին ազդեցության տակ»,-ասց Մելիքյանը:

Նրա խոսքով, ամենայն հավանականությամբ այս նախաձեռնությունը կապ ունի նրա հետ, որ Արեւմուտքի կողմից մեծացել է ճնշումը Վրաստանի նկատմամբ. «Ընդդիմությունը առաջ է քաշում թեզ, որ այս նախագիծը կարող է խոչընդոտել Վրաստանի՝ ԵՄ անդամակցության գործընթացին: Այո, կարող է ազդել, քանի որ Նեդ Փրայսից  սկսած մինչեւ եվրախորհրդարանի պատգամավորներ սկսել են մեկնաբանել այս նախաձեռնությունը: Պարզ է, որ այս նախաձեռնության հեղինակները այն համաձայնեցրած կլինեն իշխող թիմի հետ: Իշխանությունները, ինչպես հասկանում եմ, կողմ են դրան եւ ասում են՝ եթե խոսում ենք թափանցիկ, բաց ժողովրդավար գործընթացների մասին, ապա բոլոր այն կառույցները, որոնք դրսից փող են ստանում եւ մեզ քննադատում են, թող բոլորն իմանան՝ ինչ կառույցներից են իրենց ֆինանսավորվում:

Իշխանությունները մտածում են, որ քաղհասարակությունը դրսից է ուղղորդվում: Ինձ թվում է, որ Վրաստանի իշխանությունները ռեալ գնահատում են ԵՄ անդամության թեկնածու դառնալու իրենց շանսերը եւ իրենց քայլն են անում: Միգուցե այդ քայլով նաեւ փակ քննարկում են առաջ բերում Բրյուսելի հետ: Ըստ էության, Բրյուսելին ասում են՝ եթե ՀԿ-ների միջոցով ճնշում եք գործադրում մեզ վրա, մենք էլ փորձենք հասկանալ՝ որտեղից է այդ ճնշումը գալիս: Եթե Բրյուսելն ու Թբիլիսին կոնսենսուսի գան, օրենքը կամ հետին պլան կղմվի, կամ որեւէ ձեւով կփոփոխվի, որ չհարվածի եվրոպական ինտեգրման գործընթացին:

Մյուս կողմից վտանգ կա, որ իշխանությունները այս օրենքն օգտագործելով ավելի շատ կճնշեն քաղհասարակությանը, եւ Բրյուսելից եւս դրա մասին խոսել են»,-ասաց Ջոնի Մելքիյանը նկատելով, որ այս նախաձեռնության դեմ ստորագրահավաք է կազմակերպվել, որին միացել են 260 ՀԿ եւ լրատվամիջոց: