«Հայաստան» խմբակցության պատգամավորներ Թադեւոս Ավետիսյանը, Աշոտ Սիմոնյանը եւ Արգիշտի Գեւորգյանը ձերբակալվածների պահման վայրում տեսակցել են պատգամավոր Մհեր Սահակյանին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Թադեւոս Ավետիսյանը։
«Մհերի տրամադրությունը լավ էր, ոգին՝ բարձր, բոլորին փոխանցում էր իր ջերմ ողջույնները։ Ակնհայտ է, որ կա քաղաքական պատվեր՝ Մհեր Սահակյանին ազատությունից զրկելու, իսկ իրավական համակարգը առաջնորդվում է երկակի ստանդարտներով եւ դարձել է գործիք օրվա իշխանության ձեռքին»,- գրել է Թադեւոս Ավետիսյանը։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ազգային ժողովում միջադեպ է գրանցվել Պետաիրավական հանձնաժողովի նիստի ժամանակ, գոռգոռոցներ են լսվել: Դրանից հետո իրավապահները բերման են ենթարկել եւ ձերբակալել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանին։ Իսկ ՔՊ խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը վնասվածքով տեղափոխվել էր «Նաիրի» ԲԿ:





























