Երկուշաբթի գիշերը Մարսելի փողոցներում երեք զանգվածային փոխհրաձգությունների հետեւանքով առնվազն երեք մարդ է մահացել, ութ մարդ վիրավորվել է, հայտնում է BFM-ը։
Առաջին փոխհրաձգությունը տեղի է ունեցել Մարսելի հյուսիսում գտնվող 15-րդ շրջանում՝ Կաստելյա թաղամասում, կեսգիշերին մոտ։ Երկու տուժածները ստացած վերքերից մահացել են, մյուսի վիճակը ծայրահեղ ծանր է։ Ավելի ուշ նույն շրջանում՝ Էգալադ թաղամասի մոտ, տեղի է ունեցել երկրորդ փոխհրաձգությունը, որի հետեւանքով վիրավորվել է եւս 5 մարդ։
Երրորդ բախումը տեղի է ունեցել տեղական ժամանակով մոտավորապես ժամը 01:00-ին 2-րդ շրջանում՝ Վինսեն Լեբլան փողոցում, քաղաքի կենտրոնական մասում, որտեղ բժիշկներն ու ոստիկանները հայտնաբերել են մեկ մահացածի եւ եւս երկու վիրավորի:
Բոլոր տուժածները երիտասարդ տղամարդիկ են։ Հեռուստաալիքը չի հստակեցրել փոխհրաձգությունների մասնակիցների ենթադրյալ դրդապատճառները, սակայն նշել է, որ միջադեպերը տեղի են ունեցել թմրամիջոցների վաճառքի հետ կապված շրջաններում։





























