Իրավապահ մարմինները հետախուզում են հայտարարել Դարյա Տրեպովայի հանդեպ, որը կասկածվում է այն բանում, որ կարող է հանցակից լինել զինվորական թղթակից Վլադլեն Տատարսկու սպանությանը Սանկտ Պետերբուրգում։ Այս մասին վկայում է Ռուսաստանի ՆԳՆ-ի տվյալների հետախուզական բազայի երկուշաբթի օրվա տեղեկությունը, փոխանցել է ՏԱՍՍ-ը։
«Տրեպովա Դարյա Եվգենիի, 1997թ. փետրվարի 16-ին ծնված։ Որոնվում է ՌԴ Քր. օր. հոդվածով»,- նշված է բազայում։
Նախօրեի երեկոյան իրավապահները խուզարկություն են իրականացրել աղջկա ապրած վայրում (Պետերբուրգ), հարցման են ենթարկվել նրա մայրն ու քույրը։ Նախնական տվյալներով՝ հենց Տրեպովան է հանձնել Տատարսկուն պայթուցիկով արձանիկը։
Ինչպես երեւում է Սանկտ Պետերբուրգի Կրասնոսելսկի շրջանային դատարանի եւ քաղաքային դատարանի քարտադարանից, Տրեպովան 2022թ. մասնակցել է չարտոնված հանրահավաքին Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությունն սկսելու օրը եւ ենթարկվել է վարչական կալանքի։
«Դարյա Եվգենիի Տրեպովան 2022թ. փետրվարի 22-ին, ժամը 20.05-ին Սանկտ Պետերբուրգի Նեւսկի պողոտայի թիվ 35 տան դիմաց ինքնակամ մասնակցել է հանրային չհամարվող միջոցառմանը եւ քաղաքացիների տեղաշարժին հանրային վայրում, խախտելով սանիտարական նորմերը եւ կանոնները, ինչով խանգարել է հետիոտների եւ տրանսպորտային միջոցների երթեւեկին, կատարել վարչական իրավախախտում, որը նախատեսված է Վարչական իրավախախտումների մասին ՌԴ օրենսգրքի 1-ին մասի 20.2.2 հոդվածով»,- նշվել է Կրասնոսելսկի դատարանի 2022թ. փետրվարի 25-ի որոշման մեջ։
Դատավորը Տրեպովային նշանակել է 10 օրվա վարչական կալանք, որոշումը չի բողոքարկվել եւ 2022թ. մարտի 10-ին մտել է ուժի մեջ։





























