«Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինը հաստատել է, որ ՍանկտՊետերբուրգի սրճարանը, որտեղ տեղի է ունեցել պայթյունը, նախկինում պատկանել է իրեն։ Նա հաստատությունը փոխանցել է «Կիբեռ ֆրոնտ Z» շարժմանը։ Գործարարի կարծիքով՝ պայթյունը կազմակերպել է «արմատականների խումբը», որը «հազիվ թե կապ ունի Ուկրաինայի կառավարության հետ»։

Պրիգոժինի մամուլի ծառայությունը Թելեգրամում հրապարակել է նրա պատասխանը URA.RU-ի եւ Daily Storm-ի հարցերին, թե արդյոք իսկապես սրճարանը նախկինում պատկանել է իրեն։ «Իսկապես, ես սրճարանը հանձնել եմ «Կիբեռ ֆրոնտ Z» հայրենասիրական շարժմանը, եւ նրանք այնտեղ տարբեր սեմինարներ էին անցկացնում։ Ամենայն հավանականությամբ, այդ ողբերգությունը սեմինարի ժամանակ էլ տեղի է ունեցել»,- նշվել է գործարարի մեկնաբանությունում։

Եվգենի Պրիգոժինը համաձայնել է լրագրողների այն ենթադրությանը, թե զինթղթակից Վլադլեն Տատարսկու սպանությունը սրճարանում նման է Դարյա Դուգինայի սպանությանը, որը զոհվել էր 2022թ. օգոստոսին ավտոմեքենայի պայթյունից, որով պետք է մեկներ փիլիսոփա Ալեքսանդր Դուգինը։ «Բայց ես  չէի մեղադրի Կիեւի վարչակարգին այս գործողություններում։ Ես կարծում եմ, որ գործում է արմատականների խումբ, որը հազիվ թե կապ ունի կառավարության հետ։ Ես այդպես կասեի»,- ավելացրել է գործարարը։