Փարիզում կարգելվի էլեկտրական ինքնագնացների վարձույթը։ Կիրակի կայացած քաղաքային հանրաքվեում Ֆրանսիայի մայրաքաղաքի բնակիչների մոտ 90 տոկոսը սատարել է այս նախաձեռնությունը։

Քվեարկությունը, որին մասնակցել է մոտ 100 հազար մարդ, խորհրդատվական բնույթ է կրել, ուստի որոշումը պետք է ընդունեն քաղաքային իշխանությունները։

Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի խոսքով՝  էլեկտրական ինքնագնացների վարձույթը կավարտվի սեպտեմբերի 1-ից:

Արգելքի կողմնակիցներն ասում են, որ էլեկտրական ինքնագնացների վարձակալները «թողնում են դրանք՝ որտեղ պատահի» եւ վտանգավոր իրավիճակներ են ստեղծում հետիոտների եւ տրանսպորտային միջոցների համար:

Արգելքը չի տարածվի անձնական էլեկտրական ինքնագնացների վրա։

Տեղական լրատվամիջոցների տվյալներով՝ 2022 թվականին Փարիզում էլեկտրական ինքնագնացների հետ կապված միջադեպերի հետեւանքով տուժել է 456 մարդ, 3-ը՝ մահացել։