Նիդեռլանդներում մեկ մարդ զոհվել է գծերից գնացքի դուրս գալու պատճառով, եւս 30 հոգի տուժել է։ Այս մասին երեքշաբթի Թվիթերում տեղեկացրել է Կենտրոնական Հոլանդիա շրջանի անվտանգության ծառայությունը։

«Միջադեպը տեղի է ունեցել ժամը մոտ 03.25-ին Վոորսհոթեն գյուղի մոտ [Հարավային Հոլանդիայի նահանգում],- նշվել է փրկարարների հաղորդագրությունում։- Մեկ մարդ զոհվել է, մոտ 30 հոգի՝ տուժել»։ Տուժածների մեծ մասին օգնություն ցուցաբերվել է տեղում։ Ավելի լուրջ վնասվածքներ ստացածները տեղափոխվել են հիվանդանոց։

Անվտանգության շրջանային ծառայության տեղեկացմամբ՝ ուղեւորատար գնացքը բախվել է շինարարական սարքավորմանը։ Մանրամասների մասին չի նշվել։ Տեղի ԶԼՄ-ները հավաստիացրել են, որ խոսքը ռելսերով շարժվող ամբարձիչի մասին է։

Նախնական տվյալների համաձայն՝ գնացքում ընդհանուր առմամբ 50-60 մարդ է եղել։ Ականատեսների վկայությամբ՝ գնացքի առջեւի մասը դուրս է եկել գծերից եւ հայտնվել դաշտում, միջին մասը կողաշրջվել է, իսկ պոչի հատվածում հրդեհ է սկսվել, որն արագ մարվել է։