Կատալոնիայի Սաու ջրամբարում ջրի մակարդակն ընկել է՝ հասնելով ռեկորդային ցածր նիշերի երաշտի պատճառով։ Սա սպառնալիք է տեղի էկոհամակարգի համար, գրել է BBC-ն։
Սաու ջրամբարում ուռկաններով ձուկ են որսում, որպեսզի կանխեն ձկնանկումն ու ջրի նեխումը, ինչը կարող է ջուրը խմելու համար անպիտան դարձնել։ Մնացած ջուրը հոսանքով ցած են թողնում մեկ այլ ջրամբար՝ նվազագույնի հասցնելով տիղմով դրա աղտոտման վտանգ։
«Մենք փորձում ենք ջուրը որքան հնարավոր է արագ տեղափոխել, որովհետեւ ձմռանը ջրի որակը լավն էր, բայց գարնանը այն դառնում է շատ վատը, եւ մենք փորձում ենք որսալ ամբողջ ձուկը, որը կարողանում ենք գտնել»,- ասել է Կատալոնիայի ջրային ռեսուրսների գործակալության (ACA) տնօրեն Սամուել Ռեյեսը։
Սաու ջրամբարը, որը գտնվում է Բարսելոնից 100 կիլոմետր հեռու, արդեն կես դար ջրով ապահովում է քաղաքն ու Կատալոնիայի հյուսիսարեւելյան շրջանների բնակավայրերը։
Կատալոնիայի այս հատվածում արդեն երկուսուկես տարի երկարատեւ անձրեւներ չեն եղել։ Մարտի սկզբին ջրամբարի ջրի մակարդակն իջել է իր տարողության 8 տոկոսի չափով։





























