Քրդստանի վարչապետ Մասրուր Բարզանին եւ Իրաքի վարչապետ Մեհմեդ Շիա Աս-Սուդանին երեքշաբթի համաձայնագիր են ստորագրել տարածաշրջանի նավթի արտահանման վերսկսման մասին՝ այդ գործարքը «կարեւոր» անվանելով իրաքյան պետության բոլոր բաղադրիչների համար, հաղորդում է Rudaw լրատվական գործակալությունը:
Բարզանին Բաղդադ է ժամանել երեքշաբթի առավոտյան Քրդստանի տարածաշրջանային կառավարության բարձրաստիճան պատվիրակության ուղեկցությամբ, որտեղ հանդիպել է Իրաքի նավթի նախարար Հայան Աբդուլ Ղանիի, Իրաքի վարչապետի եւ նախագահ Աբդուլ Լատիֆ Ռաշիդի հետ:
«Այդ համաձայնագիրը ժամանակավոր է, սակայն դրա բոլոր սկզբունքները կարտացոլվեն դաշնային բյուջեում եւ նավթի ու գազի մասին օրենքում»,-ասել է Բարզանին Rudaw-ին տված հարցազրույցում՝ հավելելով, որ տարածաշրջանից նավթի արտահանման դադարեցումն ազդում է Իրաքի վրա, ոչ միայն տարածաշրջանի:
Մարտի 23-ին միջազգային առեւտրի պալատի արբիտրաժային դատարանը որոշում է կայացրել, որ Թուրքիան խախտել է 1973 թվականի խողովակաշարի համաձայնագիրը, որը թուրքական կառավարությանը պարտավորեցնում է պահպանել Բաղդադի կողմից ներդրված հրահանգները Իրաքից արտահանվող հում նավթի տեղափոխման վերաբերյալ:





























