Թաիլանդի բնակիչը մեծ իրարանցում է առաջացրել վիճակախաղի սիրահարների շրջանում՝ հայտարարելով, որ ապրիլի 1-ին շահել է 2 000 բատ (մոտ 60 դոլար) Թաիլանդի պետական վիճակախաղով՝ օգտագործելով թվերի հավաքածու, որը գեներացրել է ChatGPT արհեստական բանականության չաթ-բոտով, գրել է The Thaiger թաիլանդական ԶԼՄ-ն։

Երջանիկ հաղթողը՝ Փաթհավիկորն Բունինը, իր հաջողության մասին պատմել է Facebook-ում, նա նշել է, որ 2 000 բատ մրցանակը շահել է ապրիլի 1-ին՝ այն թվերի շնորհիվ, որոնք գեներացվել են ԱԲ-չաթ-բոտով՝ այն է՝ 57, 27, 29 եւ 99։ Երկնիշ թիվը, որը շահող է հայտարարվել այդ օրը, 99-ն էր, որը համընկել է ChatGPT-ի գեներացրած  թվերից մեկին։

Ոմանք ենթադրել են, որ թվերը պարզապես պատահական են եղել, եւ Փաթհավիկորնի բախտը բերել է, որ դրանցից մեկը համընկել է արդյունքին։ Մյուսները կոչ են արել ապացուցել, թե ինչպես է նա խնդրել ChatGPT-ին՝ թվեր տալ։

Փաթհավիկորնը հարցազրույց է տվել CatDumb-ին, որտեղ նշել է, որ արդեն մի քանի անգամ հարցրել է ChatGPT-ին վիճակախաղի շահող թվերի մասին։

Նա պատմել է, որ ԱԲ-ին հարցրել է, թե որոնք են լինելու շահող թվերը, բայց ChatGPT-ը պատասխանել է, որ դա կանխատեսելի չէ եւ հաջողության հարց է։ Չաթբոտն անգամ խորհուրդ է տվել չկենտրոնանալ վիճակախաղերի վրա եւ զբաղվել սպորտով։ Սակայն Փաթհավիկորնը չի հանձնվել եւ փորձել է այլ կերպ տալ հարցը։ Նա հիպոթետիկ վիճակ է մտցրել վերջին տասը տարիներին պատմական վիճակագրական շահող թվերի հետ միասին, եւ չաթբոտը նրան տվել է հաշվարկի բանաձեւն ու թվերը։

Փորձագետները դեռ հստակ բացատրություն չեն տվել, թե ինչպես կարող է ChatGPT-ն շահող թվեր տրամադրել, բայց թաիլանդցի շատ օգտատերեր անհամբերությամբ սպասում են ԱԲ-ի գեներացրած հաջորդ թվերին, որպեսզի իմանան՝ արդյոք Բունինի հաջողությունը պատահականություն էր, թե ChatGPT-ն կարող է կանխատեսել վիճակախաղերի արդյունքները։