ԱՄՆ-ում ձերբակալվել է UPS-ի առաքման ծառայության երկու աշխատակից, նրանք մեղադրվել են թմրանյութերի ապօրինի շրջանառության մեջ, գրել է Complex-ը։ Ոստիկանությունում տեղեկացրել են, որ ծանրոցների քողի տակ նրանք կոկաին են տեղափոխել։

Տեղեկացվել է, որ ձերբակալվել են 49-ամյա Օռլանդո Ալմանսին եւ 51-ամյա Ֆիդենսիո Սալինասը։ Երեք այլ մեղադրյալների հետ նրանք ծանրոցներում կոկաին են տեղափոխել 2022թ. մարտ-հոկտեմբեր ընթացքում։ Կասկածներ չառաջացնելու համար ցրիչները տուփերի վրա կեղծ պիտակներ են փակցրել առաքման հասցեներով։

Եթե մեղավոր ճանաչեն, նրանց  կսպառնա ցմահ բանտարկություն եւ տուգանք 10 մլն դոլարի չափով։ Ոստիկանությունում ավելացրել են, որ տղամարդկանց ձերբակալությունից հետո իշխանություններն առգրավել են մոտ 60 կիլոգրամ կոկաին։

«Քանի որ հետաքննությունը շարունակվում է, մենք չենք կարող  գործի վերաբերյալ լրացուցիչ մեկնաբանություններ տալ»,- նշվել է ոստիկանների հայտարարությունում։